Այս էջը հաստատված է

պաշտոն չունենա, անպատճառ յուր ծանոթներից մեկի մոտ կգտնե։

— Հույս ունե՞ս։

— Ինչպե՜ս չէ. պատվական մարդ է. ահագին կարողությ ուն ունի։

— Ասենք թե կարողությունը կապ չունի պատվականության հետ. կարող է հարուստ լինել, բայց պատվական չլինել։

— Չէ, չէ, հարուստ էլ է, պատվական էլ է։ Դու առավոտը եկ այստեղ, ես նրա մոտ կտանեմ քեզ և կտեսնես, որ նա քեզ համար պաշտոն կգտնե։

Վահանը սրտագին շնորհակալություն արավ յուր շիրաջ բարեկամին և խոստանալով նրան որոշյալ ժամանակին ներկայանալ, դուրս գնաց գինետնից ուրախ և հուսալից սրտով։

Բ

ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԸ

Հետևյալ առավոտ, ճիշտ նշանակած ժամին, Վահանը մտավ Մանասի գինետունը։ Շիրաշը նույն սիրով ու մեծարանքով ընդունեց նրան ինչպես ընդունել էր նախընթաց երեկոյան և աթոռ հրամեցնելով՝ խնդրեց սպասել մի քանի վայրկյան, մինչև որ յուր հաճախորդներից մեկի հետ ունեցած փոքրիկ գործը կավարտեր։

Երբ վերջինս դուրս գնաց, Մանասը մոտեցավ Սարյանին և նրա առողջությունը հարցնելուց ետ հոգածու եղանակով ասաց.

— Գործդ ձախ է գնում, այսօր ես չեմ կարող տանել քեզ Թորոսյանի մոտ։

Ինչո՞ւ, շա՜տ եք զբաղված։

— Ոչ, զբաղված չեմ, բայց... այնպես մի բան պատահեց որ...

— Եթե այսօր չեք կարող, վաղը տարեք, միևնույն է, ես մի օր կարող եմ սպասել,— ընդհատեց Վահանը շիրաջին։

— Բանն այդ է, որ վաղն էլ չեմ կարող։