Այս էջը հաստատված է

Հայհոյանքներ էր տեղում և խորհրդավոր սպառնալիքներ կարդում նրա հասցեին։

Իսկ ինչ նրանց չափավորության ու խնայողության էր վերաբերում, դրա ապացույցը կարելի էր տեսնել հասարակաց այն զբոսարաններում , ուր մտերիմ ընկերներից և գեղեցիկ րնկերուհիներից զատ ուրիշ ոչ ոք չէր ներկայանում: Այդտեղ նրանք ամբողջ գիշերներ էին լուսացնում ուտելով, խմելով և զվարճանալով: Անմիտ ու անհաշիվ կերպով ծախսում, շռայլում և ցրվում էին. ո՞ւմ հաշվից, ո՞ ր աղբյուրից, ոչ ոք չէր հարցնում ։ Որովհետև ինչպես որ գործատիրոջ ներկայությամբ սուտ պարկեշտ, սուտ հնազանդ և սուտ հավատարիմ ձևանալով միմյանցից չէին ամաչում այդ երիտասարդները․ որովհետև այդպես վարվելը սովորական և մինչև անգամ անհրաժեշտ էր նրանց համար, այնպես էլ անհաշիվ ծախսելու և շռայլելու ժամանակ միմյանցից չէին քաշվում, որովհետև նրանցից յուրաքանչյուրին հայտնի էր, թե ո՞վ ինչ եկամւտ ունի և որքա՞ն կարող է ծախսել ընկերական սեղանի համար։

Ինչ վերաբերում է հասարական խնդիրներով կամ ազգայինների բախտով հետաքրքրվելուն, այդ կետում այս երիտասարդները նմանում էին իրենց տերերին, միայն մի տարօրինակ զանազանությամբ։ Նրանք սիրով լսում էին ազգային նորությունները, կարեկցում էին արյունակիցների թշվառության և ուրախությամբ ստորագրում էին փող հանգանակողների թերթին, շատերը, մինչև անգամ, իրենց կաղությունից ավելի, բայց երբ հարցը տրվում էր այսպես, հասարակական գործին օգնե՞լ, թե՞ գիշերային զվարճության գնալ, վերջինը գերադասում էին։ Կանաչազարդ հովանոցում նստած, գինու բաժակը ձեռին օրիորդ Կլարայի աչքերին նայելը և նրա կենացը դատարկելը նրանք չէին փոխիլ ոչ մի հասարակական գործի կամ խնդրի հետ։ Մինչև անգամ եթե իրենցից մեկը թուլություն ունենար Կլարայի կենացը թողնելով, այդ տեսակ գործերի ետևից գնալու, նրան ազգասեր անվանելով կծաղրեին և շատ անգամ իրենց ընկերությունից կհեռացնեին, որովհետև փորձով գիտեին, որ այդ տեսակ զգացմունքների տեր երիտասարդը ուրախ և անհոգ տրամադրության խանգարող է լինում։