Այս էջը հաստատված է

Այս բոլորը երիտասարդ Սարյանը տեսնում, լսում, հետազոտում էր և խորը սրտից վշտանում։

Նա հիշում է, որ հայրենի քաղաքում գտնված ժամանակ Թիֆլիսի առևտրական դասակարգի մասին էլ մեծ կարծիքներ ուներ։ Հավատում էր, որ նա է բոլոր մեծամեծ գործերին հոգի ու կյանք ներշնչողը։ Որովհևտև նյութական ուժը յուր ձեռքում ունենալով՝ բնական էր, որ հանրօգուտ հաստատությունների հիմնողն ու պահպանողն էլ ինքը լիներ։ Բայց այժմ տեսնում էր, թև որքա՜ն սխալված է եղել։ Համեմատում էր լուսավորված քաղաքի վաճառականը գավառական քաղաքի վաճառականի հետ և առաջինը ոչնչով բարձր չէր գտնվում վերջինից։ Միակ տարբերությունը արտաքին փայլն էր, որ աչքի էր ընկնում առաջինների ընտանեկան նիստ ու կացի մեջ։ Ինչ ներքին արժանավորությանն է վերաբերում, նա երկուսի մեջ էլ միևնույն աստիճանի վրա էր կանգնած։

Երիտասարդ Սարյանին ավելի վշտացնում էր առևտրական աշխարհում ծառայող երիտասարդության բարոյական նվաստությունը, որի պատճառը նույնիսկ իրենք գործատեր վաճառականներն էին։ Որովհետև վարվելով ստորադրյալների հետ ոչ իբրև բարեկամ և մտերիմ, այլ իբրև տեր և իշխող, ակամա սովորեցրել էին նրանց ստել, կեղծավորել, դիմակավորել. այո՛ ասել այն ժամանակ, երբ նրանց սիրտը ոչ էր գոռում, խոնարհել գլուխը այն հրամանի առաջ, որի դեմ սիրտը ապստամբում էր...

Այս մտքերը սկսան զբաղեցնել երիտասարդ Սարյանին ա՛յն ժամանակ, երբ յուր պաշտոնի վերաբերյալ ուսումը ավարտելով՝ մտավ իսկական ծառայության մեջ. մանավանդ, երբ տեսավ, որ Թորոսյանի ներքին և արտաքին գործերում ծառայող բազմաթիվ երիտասարդների թվում չկա գեթ մեկը, որ գաղափարակից լիներ իրեն և յուր կարծիքներն ու զգացմունքները բաժաներ։

Երիտասարդը զգում էր իրեն գրեթե ամայության մեջ։ Որքան որ այս հանգամանքը վշտացնում էր նրան, այնքան ավելի ուրախություն էր պատճառում Թորոսյանին։ Որովհետև իմացած լինելով, որ Վահանը մի անգամ արդեն գրական և ազգային շրջաններին ծանոթ է եղել, կասկածում էր թե՝