Սիմոն Թաղարյանը, արդարև, ուշադրության արժանի երիտասարդ էր, բայց, իհարկե, ոչ այն կողմից, որից ճանաչում էր նրան Թորոսյանը։ Նա նշանավոր էր նրանով, որ տասը երկար տարիներ ծառայելով Թորոսյանի նման զգույշ և աչալուրջ մարդու մոտ, կարողացել էր բոլոր այդ ժամանակ փակած պահել, նրա աչքերը և չերևալ նրա առաջ այն, ինչ որ էր իսկապես։
Վահանը, որ արտաքին գեղեցկության հետ միասի քաղցր ու բարեխառն բնավորություն ուներ և յուր շնորհալի պաշտոնակատարությամբ գրաված էր արդեն ընկերների հարգանքը, մեծ հաճույք պատճառեց Թաղարյանին, երբ սկսեց մոտենալ և բարեկամանալ նրա հետ։
Սկզբում, իհարկե, այդ բարեկամությունն արտահայտվում էր լոկ քաղաքավարական հարաբերությամբ։ Բայց որոշ ժամանակից ետ Թաղարյանը կարիք զգաց ավելի մոտենալու և մինչև անգամ մտերմանալու այդ քաղցրաբարո երիտասարդի հետ։ Նա հաճախ հրավիրում էր Վահանին յուր մոտ, պատիվներ էր տալիս նրան, զբոսարաններն էր շրջեցնում և աշխատում էր կարելվույն չափ սիրելի անել նրան յուր ընկերությունը։
Վահանը անզգալի եղանակով հետզհետե անձնատուր էր լինում յուր նոր բարեկամին և կարծես սկսում էր համոզվել, որ արդարև, այդ Թաղարյանը մի ազնիվ և օրինակելի անձնավորություն է։
Երիտասարդի այդ տրամադրությունից գտվելով, Թաղարյանը սկսեց ավելի և ավելի մտերմանալ նրա հետ և երիտասարդական գաղտնիքների մասին խոսել, կամ այդ գաղտնիքներով հետաքրքրել նրան։Որքան էլ այդ տեսակ զրույցները համեմված են լինում անպարկեշտ ակնարկություններով և ազնիվ ճաշակը վիրավորող հայտնություններով, որքան էլ որ այդ զրույցներին անսովոր մարդը արտաքին տհճությամբ է լսում նրանց, այսուամենայնիվ այդ զրույցների մեջ կա մի բան, որ կարծես խտաղում է երիտասարդ մարդու թաքուն զգացմունքները և ներքին հաճություն է պատճառում նրան: Վահանը, իբրև արևելցի երիտասարդ, չէր կարող զուրկ լինել այդ տեսակ զրույցները հաճությամբ լսելու կարողությունից.