Այս էջը հաստատված է

նման նստած էին սենյակի անկյունում դրված բազմոցի վրա, ռուսերեն լեզվով ասաց.

— Այժմ, կարծեմ, կարող եք համոզվել, որ Սիմոն Պետրովիչը ազնիվ ու յուր խոսքին հավատարիմ մարդ է: Ձեզ խոստացա իմ գեղեցիկ ընկերոջ հետ ծանոթացնել և ահա նրան բերել եմ ձեզ մոտ: Պետք է շնորհակալ լինեք ինձանից այսքան անձնվիրությամբ ձեզ ծառայելու համար։

— Օ՜, շնորհակալ ենք, շնորհակալ ենք. բայց դուք ազնիվ լինելուց առաջ շատ անքաղաքավար եք,— գեղեցիկ ժպտալով նկատեց գեղեցկուհիներից մեկը։

— Ե՞ս։ Աոաջին անգամն եմ այդ տեսակ նկատողության արժանանում. ի՞նչ հանցանք եմ գործել:

— Ա՛յ, ինչ հանցանք։ Եթե մենք մինչև անգամ խնդրած լինեինք, որ ծանոթացրեք մեզ ձեր ընկերոջ հետ, դուք այդ չի պիտի ասեիք նրան, և այն, մեր ներկայությամբ: Դա մեր արժանապատվության համար վիրավորական է, հասկանո՞ւմ եք,— ասաց գեղեցկուհին և ընկերուհու հետ միասին ծիծաղեցին։

— Ներողություն, հազար ներողություն, երևի ինչ որ պիտի ասեի, հակառակն եմ ասել։ Ես կամենում էի ասել, թե ընկերս շատ խնդրել է ինձ, որ ես ծանոթացնեմ իրեն ձեզ հետ և այդ պատճառով բերել եմ նրան ձեզ ներկայացնելու,— ուղղեց յուր սխալը Սիմոն Պետրովիչը։

— Ա՛յ, հիմա քաղաքավարի խոսեցիք, այժմ կխնդրենք, որ ձեր ընկերոջ հետ միասին նստեք մեր բազմոցի վրա, — խոսեց երկրորդ գեղեցկուհին և տեղ պատրաստեց երիտասարդների համար։

Վահանը, որ սկզբում անծանոթ բարեկամների ու բարեկամուհիների հանդիպելով շփոթվել և շառագունել էր, սկսեց հետզհետե հանդարտվել, բայց գանձապահի և գեղեցկուհիների խոսակցության չէր խառնվում։

Շուտով մյուս երիտասարդներն էլ հավաքվեցան զույգ գեղեցկուհիների գտնված անկյունը։ Եկան այդտեղ և երեք ուրիշ աղջիկներ, որոնք մինչև այն զբաղեցնում էին բողոքող երիտասարդներին։ Խոսակցությունը, կատակը և ծիծաղը ընդհանրացավ։ Երիտասարդները գովություններ էին շռայլում