Այս էջը հաստատված է

երիտասարդուհիներին, դրվատում էին մեկի գեղեցիկ աչքերը, կամար հոնքերը, մյուսի բարակ շրթունքը և անուշ ժպիտը. երրորդի՝ հասակը, ճապուկ իրանը և հարուստ կուրծքը, չորրորդի ձայնը և գողտրիկ լեզուն, միով բանիվ երիտասարդուհիների մարմնի բոլոր մասերը գովության ու կատակի նյութ էին դարձել: Իսկ աղջիկները իրենց կողմից սրախոսություններ էին անում, ծաղրելով երիտասարդներից մեկի քիթը, մյուսի բերանը, երրորդի ճակատը, չորրորդի խելքը և այլն, և այլն։

Մինչդեռ այստեղ բարեկամներ ու բարեկամուհիներ աշխարհի ցավերը մոռացած զվարճախոսում էին, սենյակի մեջտեղը բացվում էր փառավոր սեղան, բազմազան ուտելիքներով և առատ ու գույնզդույն գինիներով։ Սպասավորները սկզբնական ծառայությունը ավարտած՝ սպասում էին երիտասարդների հրամանին, որ ներս բերեն համադամները։

Բայց երիտասարդները այնպիսի քաղցր ինքնամոռացության մեջ էին, որ չէին մտածում ուտելու վրա։ Այսուամենայնիվ, գեղեցկուհիները, որոնք ինքնամոռացության մեջ էլ չէին մոռանում թե՛ գրպանի և թե՛ ստամոքսի շահը, հիշեցրին երիտասարդներին իրենց պարտքը և նրանց հետ միասին վեր կենալով տեղերից, բոլորեցին Սիմոն Պետրովիչի փողով և նրա մտերիմների ճաշակով պատրաստած փառավոր սեղանը:

— Մա՛րիա Իվանովնա, դուք Սիմոն Պետրովիչի մոտ պիտի նստեք, իսկ դո՛ւք, մադմուազել Ռոզա, Վահան Իոսիֆիչի մոտ. այս իրիկվա կարգը այսպես է պահանջում,— կարգադրեր միջին հասակով, գրավիչ դեմքով և կաթոտ աչքերով մի երիտասարդ, որը, ըստ երևույթին, այդ ընկերության մշտական սեղանապետն էր։

Մարիա Իվանովնան և մադմուազել Ռոզան, որոնք բազմոցի վրա նստած զույգ գեղեցկուհիներն էին, հնազանդվեցան սեղանապետի հրամանին և նստեցին մինը պարոն գանձապահի և մյուսը՝ Սարյանի կողքին։

— Գեղեցկուհիներից մինն էլ թող ինձ մոտ նստի, որ եռանդ ներշնչե ինձ, իսկ մնացյալները՝ որտեղ կամենում են,— կարգադրեց կրկին սեղանապետը և կանանցից մինը, որ ամենից տարիքովը ու բարձրահասակն էր, և որը, ըստ