Այս էջը հաստատված է

զգայուն խղճի անողոք խայթը, որը և սկսեց տանջել երիտասարդին։ Նա հազիվ էր զսպում իրեն։ Նրան թվում էր, թե բացակա սիրելին տեսնում է այժմ իրեն հաճության աղջկերանց և անբարոյական երիտասարդների շրջանում բազմած, տեսնում է և խորը սրտից վշտանում, մտածելով, որ ամենից ազնիվ և ամենից ողջախոհ երիտասարդն անգամ անարժան է, ուրեմն, անարատ սիրո վստահության։

Այնպիսի մի շրջանում, ուր ոչ միայն ողջախոհության, այլև հասարակ չափավորության վրա գաղափար չունեին, Վահանի այլայլությունը, հարկավ, աննկատելի պիտի մնար։ Ուստի երբ նա գեղեցկուհիներից հեռանալու մտքով բարձրացավ աթոռից առտրկելով թե՝ գլխացավի պատճառով կամենում է բազմոցի վրա մի փոքր հանգստանալ, նրան արգելք չեղան։

Երիտասարդը քաշվելով սենյակի անկյունը, սկսեց անողոք կերպով կշտամբել իրեն այսպիսի հասարակության մեջ գտնվելուն համար։ Կատարյալ զղջման հաջորդեց տխրությունը։ Գեղեցիկ կանանց իրեն ուղղած խորհրդավոր հայացքները ոչ միայն չէին ցրում նրա թախիծը, այլև ավելացնում էին։ նա ճակատը բռնեց ձեռքերի մեջ և աչքերը ծածկելով, աշխատեց ոչինչ չտեսնել, եթե հնար ունենար, ականջներն էլ կխցեր, որպեսզի անպարկեշտ զրույցները չհասնեին նրանց։

Մեր այս ապականված ժամանակում, երբ ճշմարիտ առաքինությունը հնասիրության համանիշ է դարձել, երբ լուսնոտ ազատամտության շնորհիվ բարոյական սկզբունքները խախտվել և անուշադրության են մատնվել, երբ դպրոցական համբակների վարք ու բարքն անգամ շրջապատի ապականությունից չէ ապահովված, Սարյանի նման անհատների գոյությունն անբնական և անհասկանալի երևույթ է ներկայանում մեզ։ Ինչպե՞ս կարող է արբունքի հասած երիտասարդն անտարբեր մնալ հեշտության հրապույրներին մանավանդ, երբ նրանց վայելելու համար ձեռք բերելու աշխատություն չէ պահանջվում, մտածում ենք մենք։

Բայց գավառական աշխարհի նահապետական հարկերի տակ որքա՜ն այդպիսի որդիներ են ապրում... Ափսո՜ս միայն, որ տասնյակ տարիներից ետ այդ հազվագյուտ գոհարների