Պավլովնան, որը սակայն երկու պտույտ միայն արավ և ապա օրորվելով երիտասարդների գիրկն ընկավ։ Նրան հետևեցին մյուս աղջիկներն ու հյուրերը։ Պարոն գանձապահը նույնպես կամեցավ վեր կենալ, բայց ընկավ Մարիա Իվանովնայի վրա։
Սարյանը տեսնելով, որ երիտասարդը կորցրել է իրեն, մոտեցավ նրան և թևն առնելով հեռացրեց դեպի սենյակի անկյունը և սկսեց համոզել, որ գնան տուն։
Բայց գանձապահը, որ սիրով տվավ նրան յուր թևը, կարծելով թե կամենում է յուր հետ պարել, երբ տուն գնալու առաջարկություն լսեց, բարկացած գոռաց.
— Կորի՛ր, հիմար, շամպայնն ու այս սիրուն աղջիկները թողած ո՞ւր պիտի գնամ. ես չեմ գալիս, գնա՛ Թորոսյանին էլ ասա, որ գա այստեղ, ասա՛, հիմար, սրանից լավ տեղ ո՞ւր կգտնես... տա՛շ-տաշի, ծափ տվեք, տղերք, պար եմ գալիս...
Այս ասելով գանձապահը խլվեցավ Վահանի ձեռքից և օրորվելով սկսեց պարել։ Բայց մի երկու պտույտներ անելուց ետ գլորվեցավ հատակի վրա։
Սեղանապետը իսկույն առաջ վազեց և գրկելով երիտասարդին հեռացրեց նրան պարողների խմբից և բազկաթոռներից մեկի մեջ նստեցրեց։ Վահանը նույնպես մոտեցավ նրան և սկսեց քաղցր խոսքերով ամոքել պաշտոնակցի սիրտը, աշխատելով, միևնույն ժամանակ, համոզել նրան տուն վերադառնալու: Բայց իզուր։ Գանձապահը բացեիբաց մերժում էր։
— Է՜. ինչեր ես խոսում։ Դեռ քեֆեր ունինք անելու, գործեր ունինք ավարտելու,— ասաց նա ծիծաղելով և սազանդարներից թառ ածողին կանչելով, հրամայեց նրան մի բաժակ շամպայն բերել։
Սազանդարը իսկույն կատարեց նրա հրամանը։ Գանձապահը հանելով ծոցից մի կարմիր տասնանոց, թրջեց շամպայնով, կպցրեց սազանդարի ճակատին և շամպայնը նրան խմեցնելով՝ հրամայեց.
— Գնա մի այնպիսի մահուռ ածա՛, որ ես ուրախանամ, իսկ այս մղդսին (ցույց տալով Վահանի վրա) լաց լինի։
Սազանդարը խորը գլուխ տալով հեռացավ և սկսեց գողտրիկ մահուռը նվագել։