— Ի՞նչ ես ասում, ա՛յ մարդ, գժվել ե՞ս,— շշնջար գանձապահի ականջին Վահանը: Վերջինս պատասխան չտվավ, այլ դառնալով դեպի դուռը կանչեց այնտեղ կանգնած սպասավորներին։
Նրանցից երեքը միասին եկան։
— Ասացեք, ձեզանից ո՞րն է գնացել Ռոզայի և Մաշայի ետևից։
— Ես,— պատասխանեց նախասենյակում դիմավորող ծառան։
Գանձապահը հանեց ծոցից մի կապույտ հնգանոց և տալով նրան ասաց.
— Գնա ինձ ու այս պարոնի համար քնելու տեղ պատրաստիր։
Ծաոան հասկացավ հրամանի միտքը և խորը գլուխ տալով ու ժպտալով հեռացավ։
— Ա՛յ տղա, ինչո՞ւ համար ես քեզ քանդում, ինչո՞ւ համար ես այդ փողերը ցրում,— նախատեց Սիմոնին Վահանը։
— Վնաս չունի՜, Թորոսյանը լավ մարդ է. նրա գանձարանը ապրի՜...— երգելու եղանակով պատասխանեց գանձապահը։
Այդ միջոցին ճաշարանատեր Իլարիոնը մոտեցավ երիտասարդին և խորը գլուխ տալով մի ինչոր ծալած թուղթ հանձնեց նրան։
Դա ընթրիքի հաշիվն էր։
Գանձապահը բացավ, նայեց և ճմրթելով՝ բաճկոնի գրրպանը խրեց։ Ապա հանելով ծոցից մի ծիածանագույն հարյուրանոց, շարժեց նրան օդի մեջ և, խփելով Իլարիոնի ճակատին, ասաց.
— Առ, հիմար, դու միշտ թանկ ես նստեցնում. մնացորդը թե շատ չէ, ծառաներին բաշխիր։
Իլարիոնը խորը գլուխ տվավ, վրացերեն մի համառոտ ուղերձ ասաց և ժպտալով հեռացավ։
Վահանը այլևս ավելորդ համարեց խորհուրդներ շշնջալ պաշտոնակցի ականջին, այլ կամացուկ հեռանալով՝ թե՛ հյութերից և թե գանձապահից ծածուկ փախավ տուն