ռուբլի ռոճիկ ստանող երիտասարդը մարմնական աշխատության հետ միասին՝ սիրտն ու հոգին դնե յուր գործի մեջ։
Փչացած, անհավատարիմ և Վատնող գործակատարները՝ օգտվելով գործատերերի այդ տրամադրությունից և արտաքուստ նրանց սիրած շավղով ընթանալով, ոչ միայն սիրելի են դառնում նրանց, այլև շատ անգամ գրավում են գործատիրոջ վստահությունը ա՛յն աստիճան, որ մյուս ընկերների բախտի կառավարն էլ իրենք են հանդիսանում: Ահա՛ այստեղից սկսվում են ազգասեր ծառայողների և վատնող գործակատարների ներքին հակառակությունները, որոնք շատ անգամ վերջանում են խեղճ ազգասերների պարտությամբ:
Տիրան Նադիրյանը այս դասակարգի արժանավոր ներկայացուցիչներից մինն էր։ Յուր ուսումը ավարտել էր ռեալական դպրոցում, իսկ հայերեն սովորել էր յուր ծառայության միջոցին՝ շարունակ հայերեն գրքեր կամ լրագիրներ կարդալով, որի համար և շատ նախատինքներ ու զրկանքներ էր կրել։ Բայց հաստատուն բնավորության տեր և միևնույն ժամանակ ընտիր հաշվապահ լինելով, նա վերջիվերջո իրավունք էր ձեռք բերել յուր գաղափարները ազատ պաշտելու։ Նրա պարոնը «ձվածեղի համար թավի կոթը կպաչեն» ասելով հաշտվել էր նրա ազգասիրության հետ՝ հմուտ հաշվապահից չզրկվելու համար։
Նադիրյանին ճանաչում էին բոլոր առևտրականները և հարգում էին արտաքուստ։ Շատերը մինչև անգամ վախենում էին նրանից, որովհետև մի-մի անգամ իրենց բարի գործերի մասին լրագիրներին լուր էր հաղորդում և դրանով սրտնեղթյուն պատճառում իրենց։ Պարոն Թորոսյանը նույնպես անուշադիր չէր դեպի այդ երիտասարդը։ Պատահած ժամանակ ոչ միայն հարգանքով ողջունում էր նրան, այլև սիրում էր երկար Ժամերով խոսել նրա հետ և վիճել զանազան խնդիրների մասին։ Բայց և այնպես նա չէր ցանկանում, որ յուր ծառայողներից մեկը խոսե կամ մտերմանա Նագիրյանի հետ, որովհետև, հավատացած էր, որ անպատճառ մի վատ բան կսովորեցնե նրան։
Սարյանն այդ բանը չգիտեր, ուստի ազատ հարաբերություն սկսեց նրա հետ։ Նադիրյանի մեջ նա գտավ յուր