Այս էջը հաստատված է

— Այդպես, ուրեմն հարցը վճռված է, քանի դեռ սիրում ենք, չպիտի մեռնենք,— ասաց Մաթիլդը ծիծաղելով:

— Այո՛, և հենց որ կդադարենք սիրելուց՝ պիտի մեկնենք,— վրա բերավ ամուսինը նույնպես ծիծաղելով։

— Իսկ ով որ ոչ սիրում է և ոչ սիրվո՜ւմ,— հարցրի ես։

— Այդպիսին պիտի գնա Երուսաղեմ ուխտ, որ աստված թողություն տա մեղքերին,— կատակեց Գեորգը և բոլորս միասին սկսանք ծիծաղել։

Ո՞վ կարող էր կարծել, թե իմ բարեկամի կատակով խոսածները մի օր նախազգացման ազդեցության արդյունք պիտի համարվեին։

Օ՜հ, այդ նախազգացումները, չգիտեմ ի՞նչ ոգիների ներշնչումներ են, բայց ես հավատում եմ նրանց։ Եվ տեսեք ինչու։

Ամառը վերջացավ։ Մորիկյան ամուսինները վերադարձան քաղաք։ Իսկ ես անձնական գործերի պատճառով ստիպված էի դեռ մի քանի շաբաթ էլ գյուղում մնալու։ Բոլոր այդ ժամանակ իմ միայնությունը կերակրում էի այն քաղցր հիշողություններով, որոնք մնացել էին ինձ իմ բարեկամներից։ Մտածությանս ամենագողտրիկ առարկան տիկին Մաթիլդի այն խոստումն էր, որ քաղաք վերադառնալուս պիտի ընտրեր ինձ համար այնպիսի մի հարսնացու, որ ամեն բանով նման լիներ իրեն։

Ես, արդարե, այս բախտավոր զույգի հետ ծանոթանալուց ի վեր փոխել էի ամուսնության վերաբերմամբ ունեցած իմ աննպաստ կարծիքները։ Ես էլ կամենում էի պսակվել, սիրել, սիրվել, երջանիկ լինել... Ի՞նչ էր, արդարե, իմ կյանքը, ի՞նչ էին իմ օրերը. միայնություն. ոչնչություն, անպարունակ դատարկություն։

Բայց տեսեք, թե որտեղ է արդարանում L’homme propose et Dieu dispose[1] առածը։

Գործերս վերջացնելուց հետո վերադառնում եմ քաղաք։ Առաջին գործս իմ թանկագին բարեկամներին այցելելն է լինում։ Տան սպասավորը, սակայն, ինձ չէ կամենում ընդունել;

  1. Մարդը մտադրվում է աստված տնօրինում: (Ծանոթ. խմբ.):