կարող եմ հանգստություն գտնել։ Մի՞թե այնուհետև իրավունք կունենամ ես հորս աչքին երևալու կամ նրա երեսին ուղիղ նայելու։ Ավելի լավ չի՞ լինիլ եթե այսուհետև գոնե խոհեմությունը լինի իմ առաջնորդը և համբերությունը՝ իմ խորհրդականը, որպեսզի նորեն առիթ չունենամ հուսահատվելու»։
Այս խորհրդածությունից ետ անցան մի քանի օրեր։ Նադիրյանը շարունակում էր խոսել Վահանի հետ գործակատարների վիճակը բարվոքող խնդիրների մասին։ Երբեմն առաջարկում էր նոր ծրագիրներ, երբեմն հաղորդում էր նրան մեր գրականության մեջ հայտնի անձանց սույն խնդրի մասին հայտնած կարծիքները, որոնց նա լսում էր «Մանգաղ» լրագրի խմբագրատանը. երբեմն ազգասեր գործակատարների բարոյական տանջանքների նկարագիրն էր անում, հորդորելով Վահանին շուտով գործ սկսել և այլն։
Բայց վերջինս փոխանակ առաջվա նման այդ խնդրով գրավելու և Նադիրյանի հորդորներով ոգևորվելու, կամ լռում էր, երբ նա խոսում էր, և կամ գործի հաջողությունը կասկածելի էր կացուցանում՝ Նադիրյանի կարծիքներին հակառակելով։
Նադիրյանը, վերջապես, նկատեց Վահանի հոգեկան աշխարհում տեղի ունեցած փոփոխությունը և մի երեկո, երբ միասին նստած էին, պատճառը հարցրեց։
Երիտասարդը չծածկեց նրանից յուր որոշումը, որ էր՝ ետ կանգնել մտադրյալ գործից, և, մինչև անգամ, կարդաց նրան յուր հոր նամակը, որ պատճառ էր դարձել այդ որոշման։
— Կորա՜ծ մարդիք ենք, կորա՜ծ,— բացականչեց նադիրյանը,— ի՞նչ իրավունք ունինք մեզ երիտասարդ անվանելու, կամ երիտասարդական իդեալներով ոգևորվելու։ Դեռ պատանեկան հասակներս չառած արդեն ծերունիներ ենք, և այն, ոչ թե խելքով ու փորձառությամբ, այլ ժառանգական անշարժությամբ և երկչոտությամբ։ Վա՜յ այն ազգին, որի հառաջադիմության կարապետները մենք պիտի լինինք...— Այս ասելով նա վեր կացավ տեղից և սկսեց սենյակում ետ ու առաջ գնալ։
— Ձեր ակնարկությունը ի՞նձ է վերաբերում,— հարցրեց Սարյանը ժպտալով: