Այս էջը հաստատված է

Ահա՛, այդ տեսակ խորհուրդներին հետևելուց է զգուշացնում ինձ իմ հայրը, և արդյոք նա իրավունք չունի՞։

— Ձեր հոր նամակը կարող եք կախել մուզեյումում իբրև հնություն։ Իսկ ձեզ ես խորհուրդ կտամ մի փոքր ավելի երիտասարդանալ։ Այն օրից ի վեր, որ ծանոթացա ձեզ հետ, դուք շատ եք ծերացել։ Այդ սիրուն հասակին, այդ շենք ու շնորհքին չէ վայել այն հոգին, որ կրում եք ձեր մեջ։ Երկչոտությունը կանանց և տկար ծերերի բաժինն է, իսկ դուք, հավատացած եմ, չեք կամենալ պատկանել ոչ առաջինների և ոչ վերջինների կարգին։

Նադիրյանի այս նկատողությունը ազդեցություն արավ Վահանի վրա, նա լռեց և գլուխը կախելով ընկավ մտածության մեջ։

Այնուհետև, մի քանի օր շարունակ նրանք այլևս չխոսեցին այս խնդրի վրա, մինչև որ մի անակնկալ առիթ կրկին անգամ հուզեց Սարյանին։ Այդ առիթը օրիորդ Աշխենի մի նամակն էր։

Այն օրից ի վեր, որ Վահանը հայտնել էր օրիորդին «Փնջիկ» թերթի խմբագրությունից յուր հեռանալու և առևտրական գործի մտնելու նորությունը, վերջինից այլևս ընդարձակ գրություններ չէր ստանում։ Յուր նամակներին նա պատասխանում էր համառոտ և մինչև անգամ մի տեսակ պաշտոնական ոճով։ Օրիորդի այս վարմունքը մտածել էր տալիս Վահանին։ Նա աշխատում էր պատճառը գուշակել, բայց չէր կարողանում. զանազան ենթադրություններ էր անում և, սակայն, այդ ենթադրությունները ինքն էլ հերքում էր։ Յուր սիրտը հանգստացնելու համար նա վերջապես որոշեց բացատրություն խնդրել օրիորդից։ Վերջինս, իբրև պատասխան, հետևյալն էր գրում յուր ուսուցչին:

— «Սրանից առաջ, քանի որ դուք հասարակական գործի պաշտոնյա էիք, ձեր նամակները նվիրված էին լինում հասարակական հարցերին, բնականաբար, ես ևս, ինչպես կարդում, նույնպես և գրում էի այդ հարցերի մասին։ Այդ ժամանակ ես շատ բաներ էի ունենում ձեզ հաղորդելու կամ ձեզնից հարցնելու ու տեղեկանալու։ Արդեն ձեր հոդվածները որոնք հաճախ լույս էին տեսնում «Փնջիկ» թերթի մեջ, և