Այս խորհրդածությունները կենդանացրին նրա հիշողության մեջ մոտիկ անցյալը, նրա առաջ պատկերացավ Երեմյանների տունը, այն խաղաղության սիրելի օթևանը, ուր ինքը շատ անգամ, առօրյա հոգսերից ու վշտերից հանգիստ և մխիթարություն էր գտել, ուր այնքան շատ խոսել ու պատմել էր հայտնի ցավերի և նրանց հնարավոր դարմանների մասին և ուր գեղեցիկ Աշխենի անուշ հայացքը, անմեղ ժպիտը և հայրենասիրական ձգտումները ծնեցրել էին նրա մեջ սիրո, զգացմունքների հետ միասին նաև դյուցազնական առաքինություններ, որոնք և ոգևորել էին իրեն նվիրման ուխտ դնելու խոստումներ անելու... Այժմ այդ ուխտը և խոստումներն անկատար էին մնացել, այդ միտքը տխրեցնում էր Վահանին. նա, արդարև, ամաչում ու շառագունում էր աներևույթ սիրուհու աներևույթ պատկերի առաջ։ Բայց մի՞թե ամեն հույս կորած էր, մի՞թե ինքը դեռ երիտասարդ չէր, և յուր ուժն ու կորովը առաջվա նման անսպառ ու զորավոր չէին:
Այս միտքը նորեն աշխույժ ու եռանդ ներշնչեց Վահանին, նա ինքն իրեն քաջալերելով, որոշեց անուշադիր թողնել հոր նամակը, որը սառեցնում էր երիտասարդական սրտի խանդն ու ավյունը և դյուցազնասիրտ մարդուց մի երկչոտ ու փոքրոգի արարած էր շինում իրեն։ Այդ որոշման հետ միասին նա ուխտեց եռանդով ձեռք զարկել գործի և առաջին անգամ գործակատարների պաշտպանության խնդրից սկսել, որովհետև, յուր կարծիքով, դա էլ հասարակական կյանքի ուշագրավ խնդիրներից մինն էր։
Սարյանը հայտնեց Նադիրյանին յուր վերջին որոշումը, որով և կրկին ուրախություն պատճառեց նրան։ Ապա երկուսը միասին կազմեցին մի ծրագիր, որի համաձայն պետք է սկսեին առաջ տանել գործակատարների իրավունքը պաշտպանող «նշանավոր գործը»։
Այդ ծրագրով նրանք որոշում էին նախ՝ հրապարակ հանել գործակատարների աննախանձելի դրությունը, պարբերաբար հոդվածներ գրելով այդ մասին լրագրության մեջ և հասարակության ուշադրությունը այդ խնդրի վրա դարձնելով։
Երկրորդ կազմել գործակատարներից մի ընդհանուր միություն, և, ներշնչելով նրա մեջ ինքնօգնության ու