Այս էջը հաստատված է

Նադիրյանը ցանկանում էր, որ հոդվածը «Մանգաղին» հանձնվի, ասելով, որ այդ թերթը հարվածող ուղղություն ունի և մյուսներից ավելի շատ ընթերցողներ, հետևապես այդպիսի շնորհքով դրված մի հոդված ավելի արժեք կստանար, եթե այդ թերթում հրատարակվեր։

Սարյանը, ընդհակառակը, չէր կամենում «Մանգաղին» հանձնել, որովհետև դեպի այդ թերթի ուղղությունը մի ներքին հակակրություն էր տածում, թեպետև այդ հակակրությունը անցողականի տեսակիցն էր։ Որովհետև նրա խմբագրի և աշխատակիցների հետ ի մոտո ծանոթ չլինելով, ծանոթ չէր նաև նրանց անձնական համոզմունքների և հայացքների հետ։ Իսկ երիտասարդ ընթերցողների մեջ քիչ չեն պատահում այնպիսիները, որոնք այս կամ այն թերթին համակրում կամ հակակրում են անցողական տպավորություններից առաջնորդված, և սակայն հակառակ համոզմունքի են գալիս հենց որ ծանոթանում են թերթի խմբագրի կամ աշխատակիցների հետ և որոշ հարցերի վերաբերմամբ լսում են նրանց բացատրությունները: Այդպես կարող էր պատահել և Սարյանի հետ։ Դա ապագայի հարց էր։ Բայց այդ միջոցին նրա համակրությունը «Փեթակ»-ի կողմն էր, որովհետև հիշում էր, որ իրենց տեսուչն էլ, որի հիշատակը մինչև այդ րոպեն իսկ սիրելի էր իրեն, «Փեթակի» ուղղությանն էր համակրում, ասելով, որ այդ ուղղությունը թե շինող չէ, քանդող էլ չէ։

Այս առթիվ երկար վիճաբանություն բացվեցավ Սարյանի և Նադիրյանի մեջ։ Սակայն վերջինս այնպիսի համառությամբ պաշտպանն «Մանգաղ»-ի ուղղությունը, գաղափարները և հայացքները, որ Սարյանը ստիպվեցավ վերջապես զիջանել նրա ցանկությանը, մանավանդ որ, ինչպես ասացինք, ինքը դեռ հաստատ գաղափար չուներ ոչ մեկի և ոչ մյուսի ուղղության վրա։

Այժմ մնում էր Սարյանին որոշել թե՝ հոդվածը անստորագի՞ր հրապարակե, թե՞ յուր սեփական ստորագրությամբ։ Ինքը, իսկապես, անստորագիր հրատարակելու կողմն էր, որովհետև այդպիսով նա ազատ կմնար Թորոսյանի և նրա նմանների զայրույթը գրգռելու վտանգից։ Նադիրյանը, ընդհակառակը, պնդում էր, թե ստորագրությունն անհրաժեշտ է,