Այս էջը հաստատված է

որպես թե դժվարանում է հավատալ գանձապահի պատմածներին։

— Դուք գիտեք, որ ես երբեք սուտ չեմ խոսացել, և այժմ էլ պատմածներս զուտ ճշմարտություններ են, թեպետ կցանկանայի, որ սուտ լինեին, որովհետև Վահանին ես սիրում եմ սրտանց և չէի ցանկանալ, որ նա այս գործերի մեջ խառնված լիներ: Բայց որպեսզի խոսածներս լոկ ենթադրություններ չհամարեք, ահավասիկ ապացույցը։ — Այս ասելով նա հանեց ծոցից այն ծրագրի օրինակը, որը Սարյանն ու Նադիրյանը կազմել էին գործակատարներին բաժանելու համար, և որից մի օրինակ Վահանը տվել էր գանձապահին։

— Ի՞նչ բան է սա, կարդա՜ տեսնեմ,— հրամայեց Թորոսյանը։

Գանձապահը բարձր ձայնով և պարզ առոգանությամբ կարդաց ծրագիրը, որ կազմված էր մի քանի հոդվածներից, որոնք գլխավորապես սովորեցնում էին «գործակատարների միության» մեջ մտնող անդամներին՝ պաշտպանել իրենց իրավունքները և անհաշտ կռիվ մղել առևտրականների' պապերից ժառանգած՝ բռնապետական սովորությունների և կարգերի դեմ։

Քանի գանձապահը կարդում էր ծրագիրը, այնքան Թորոսյանի դեմքը մթնում և զայրույթ էր արտահայտում: Նրա ճաղատ ճակատի վրա կուտակվում էին կնճիռները․ թավամազ հոնքերը խոժոռելով ծածկում էին յուր սուր և թափանցող աչքերը, որոնք հետզհետե վառվում էին մի տեսակ վայրենի կրակով։ Իսկ ռնգունքները լայնանալով աշխատում էին ազատ ճանապարհ տալ ներքին հուզմունքին, որը, կարծես, գոլորշիացնելով արտաշնչում էր Թորոսյանը։

Երբ գանձապահը ծրագրի ընթերցումը ավարտեց, Թորոսյանը վերցրեց գրվածքը և սկսեց ուշադրությամբ դիտել։

— Այս ձեռագիրը Վահանինը չէ,— բարկությունը զսպելով խոսեց Թորոսյանը.— սա ուրիշ մարդու շարադրություն է. երևի մեր այդ տղան մի թշնամի ունի, որն այս ճանապարհով ուզում է ատելի անել նրան մեր աչքում։ Ով՞ տվավ քեզ այս թուղթը։

Այս խոսքերով Թորոսյանը կամենում էր թե՛