արդարացնել Վահանին (որը վերջին ժամանակները հետզհետե գրավել էր յուր համակրությունը) և թե՛ ցանկանում էր իսկությամբ հասու լինել գործին։
— Այդ թուղթը, դժբախտաբար, ինքը՝ Վահանը տվավ ինձ,— ժպտալով պատասխանեց գանձապահը,— և հայտնեց, որ յուր պատրաստածն է։
— Կատակ կլինի արած։
— Չէ, շատ լրջությամբ ասաց։
— Հապա ինչո՞ւ համար պիտի տար քեզ, մի՞թե չգիտեր, որ դու հավատարիմ ես ինձ և այսպիսի մի գրվածք չէիր ծածկիլ ինձանի՞ց։
— Այս թղթերից նա բոլոր գործակատարներին է բաժանել. ինձ էլ տվավ իբրև մի գործակատարի։ Ես, իհարկե, դրանց «միության» անդամ չէի դառնալու, բայց ի՞նչ մեղքս թաքցնեմ, այս թուղթը մտադիր չէի ձեզ հանձնելու, որովհետև աշխատում էի հեռացնել Վահանին այս տեսակ անկարգ գործերից։ Բայց երբ այսօր նրա հոդվածը կարդացի «Մանգաղ»֊ի մեջ...
— Ի՞նչ, հոդվա՞ծ, նա հոդվա՞ծ է գրել...— տեղից վեր թռչելով հարցրեց Թորոսյանը։
— Ահա՛, այստեղ, այսօրվա համարումն է,— այս ասելով գանձապահը բացավ թերթը և ցույց տվավ նրան թե՛ խմբագրի առաջնորդողը և թե՛ Վահանի հոդվածը։
Թորոսյանը խլեց գանձապահի ձեռքից լրագրի համարը, շտապ-շտապ հանեց ծոցից յուր ոսկե կողերով ակնոցը և անհանգստությունից գողացող ձեռքով հարմարեցնելով քթի վրա, սկսեց կարդալ։ Բայց հազիվ թե կարդաց մի քանի տող, նորեն դեն ձգեց լրագիրը, ակնոցը վերցրեց և սև երիզը վրան փաթաթելով ու ծոցը դնելով՝ ասաց գանձապահին։
— Չեմ կարողանում կարդալ, աչքերս ցավում են. հապա, ինքդ կարդա տեսնեմ ի՞նչ է գրել այդ հիմարը։
Գանձապահը վերցրեց լրագիրը և սկսեց կարդալ նախ առաջնորդողը։ Երբ հասավ այն տեղը, ուր խմբագիրը վաճառականներին անվանում էր գողեր, հափշտակողներ, վաշխառուներ և այլն, Թորոսյանը վեր թռչելով տեղից, բացագանչեց.
— Այդ խոսքերը Վահա՞նն է մեզ ասում...