— Բայց ինչո՞ւ, սիրելիս, չես թողել ժամանակին բժիշկ հրավիրելու,— հարցրի ևս Գեորգին։
— Էհ, թող, ի սեր աստծու, այդ բժիշկներին. հենց դրանց թվի հետ մրցելու համար է, որ մահը յուր հունձը կրկնապատկել է,— ասաց դժգոհությամբ։
— Այդպես չեն խոսիլ, սիրելիս, գիտության առաջ պետք է խոնարհվել,— նկատեցի ես։
— Այո՛, գիտության առաջ, բայց որտե՞ղ է նա։ Երկու շաբաթ է արդեն, ինչ երկու բժիշկներ եռանդուն փորձեր են կատարում ինձ վրա, երևի իմանալու համար, թե հոգին մարմնի ո՞ր դռնովն է դուրս գալիս, և կարծեմ վերջ ի վերջո պիտի համոզվեն, թե հենց ա՛յն դռնով, որ տեղով առաջին անգամ ներս են մտնում իրենց դեղերը...
— Սխալվում ես, բարեկամ, սխալվում ես, չպետք է հուսահատվել, քա՛ջ եղիր. ի՞նչ հիվանդություն է այդ, ո՛ր հուսահատեցնում է քեզ. ինքս միայնակ կառողջացնեմ քեզ, — սկսա հուսադրել նրան։
— Այո', քեզ հավատում եմ. դու ինձ կարող ես առողջացնել,— ասաց նա սիրտ առնելով իմ խոսքերից.— բայց այս տաքությունը... ա՜խ, ինչպես թուլացրել է ինձ, քառասուն աստիճանից չի իջնում... իսկ գլուխս, о՜հ, բոլոր ժամանակ պտտում է...
— Վնաս չունի, այդ բոլորը կանցնեն. դու սիրտ առ, կեր, խմիր, ուրախ-ուրախ բաների վրա մտածիր,— ասացի և ապա սկսեցի գյուղի նորություններով զբաղեցնել նրան։ Հեռանալու ժամանակ Մաթիլդը առանձին խնդրեց ինձ ամեն օր այցելել հիվանդին։
— Ձեր գալը լավ ազդեցություն արեց նրա վրա,— ասում էր նա,— այս առաջին անգամն է, որ նա խոսակցում է մեկի հետ. մինչև այժմ շատ ծանր էր. ճանաչողությունն անգամ կորցնում էր։ Բայց ձեր այցելությունները հույս ունիմ շատ կօգնեն նրան։
Ես, իհարկե, խոստացա ամեն օր այցելել իմ բարեկամին:
Տանից դուրս գալու ժամանակ, հենց տան մուտքի մոտ,