Այս էջը հաստատված է

ծանոթություն ունի լրագիր մրոտողների հետ, իսկույն պետք է արտաքսեի նրան իմ գրասենյակից։ Բայց թույլ գտնվեցա. ազգականս է ասելով՝ օձը ծոցս առա տաքացնելու, իհարկե Նա վերջի վերջո պիտի շանթեր յուր բարերարին...

— Ափսո՜ս, պատվական երիտասարդ էր, շատ պիտանի կարող էր լինել մեզ. երևի Նադիրյանը մոլորեցրեց նրան,— ցավակցաբար հարեց գանձապահը։

— Կարող էր պիտանի լինել թե ոչ, այլևս ուշ է դրա մասին խոսել։ Հենց որ կերթաս գրասենյակ, հաշվապահին կասես, որ նրա հաշիվը տեսնե. իսկ դու, ինչ որ հասնելի է նրան յուր ռոճկից՝ կվճարես և կասես, որ իսկույն մեր գրասենյակը թողնե. ես չեմ կամենում այլևս տեսնել նրան այնտեղ։

— Օ՜, ձեր վճիռը շատ խիստ է, մի փոքր մեղմացրեք․ նա կարող է փոխվել, անփորձ երիտասարդ է. այդպես խիստ մի՛ պատժեք խեղճին,— սկսեց բարեխոսել գանձապահը, ցույց տալու համար, որ շատ է ցավում պաշտոնակցի վերաբերմամբ այդպիսի վճիռ լսելով։

— Ես քեզանից ավելի եմ ցավում նրա համար, որովհետև թե՛ ազգական է և թե՛ պատվական մարդու որդի է. կկամենայի, որ մնար ինձ մոտ. մարդ դառնար և մի կտոր հացի տիրանար, բայց ասած է՝ «սևին սապոնն ի՞Նչ անե»։ Այդ տղան, որ մի անգամ մոլորվել է, էլ չի փրկվիր այդ մասին մտածելն ավելորդ է, գնա՛ և արա այն, ինչ որ պատվիրեցի։

Գանձապահը վեր կացավ տեղից և խոնարհությամբ գլուխ տալով Թորոսյանին, դուրս գնաց սենյակից։ Բայց մի րոպեից ետ կրկին վերադառնալով խնդրեց նրան, որ ազատե իրեն այդ վճիռը գործադրելուց։

— Ինչ մեծ հանցանք էլ որ Վահանը գործած լինի, այնուամենայնիվ այսքան ժամանակ նա ինձ պաշտոնակից է եղել, ես չեմ կարող ձեր վճիռը հայտնել նրան.— ասաց նա կեղծ բարեսրտության ժպիտով։

— Լա՛վ․ ինքս կգամ և կարտաքսեմ նրան, թող այդ քարոզներ գրողն իմանա, թե ում հետ ունի գործ,— ասաց նա սպառնական եղանակով գլուխը շարժելով։

— Բայց ես կկամենայի...

— Ի՞նչ,— զայրացած ընդհատեց նրան Թորոսյանը: