Այս էջը հաստատված է

— Մարտին Յակուլիչը գիտե թե ի՞նչ է հարցնում, դու ի՞նչ ես մեջը խառնվում,— նկատեց նիհար վաճառականին մի կարճահասակ, կարմրերես, տակառաձև կազմվածքով պարոն, որ ամեն մի դեպքում առիթ էր որոնում Մարտին Յակուլիչին մի հաճոյախոսություն անելու։

— Հարցը ինչի՞ վրա է, առաջ այն ասացեք,— ընդհատեց Թորոսյանը տակառաձև պարոնին։

— Այ, սրա վրան։— Այս ասելով նախագահը «Մանգաղ»֊ի համարը բացավ և դրավ Թորոսյանի առաջ, մատով ցույց տալով նրան թե՛ առաջնորդողը և թե՛ յուր գործակատարի հոդվածը, որոնք չորս կողմից գծված էին կարմիր մատիտով։

Թորոսյանը ցույց տալու համար, թե ոչինչ տեղեկություն չունե, հանեց ոսկե կողերով ակնոցը և խնամքով քթի վրա ամրացնելով այն, սկսեց կարդալ առաջարկված հոդվածները։

Մինչդեռ սա ընթերցանությամբ էր զբաղված, երկու ուրիշ վաճառականներ, որոնցից մինը խիստ ճաշակով հագնվել գիտենալուն համար՝ ինքն իրեն ինտիլիգենտ էր համարում (և այդ պատճառով վաճառականներին՝ Միջին փողոցում կամ քարվանսարայում պատահած ժամանակ՝ հարգանքով բարեվում էր, իսկ Դվորցովի փողոցում կամ Պրոսպեկտի վրա հանդիպելիս աշխատում էր չտեսնել նրանց), և մյուսը, որ տասը տարի շարունակ միևնույն սյուրտուկով Նիժնայի տոնավաճառը գնալու համար հաստատամիտ մարդու հռչակ էր վայելում, սկսան շարունակել իրենց վիճաբանությունը, որ ընդհատվել էր Թորոսյանի ներս մտնելովն։

— Հա՛, ես այն էի ասում թե՝ երբ առևտրականների շրջանում ծառայող մարդը առևտրականների վրա չարախոսում կամ նրանց վատաբանում է,— ասում էր ինտելիգենտ պարոնը,— պետք է միանգամից արտաքսել նրան այդ շրջանից, որովհետև մի հատ փտած խնձորը հարյուր առողջ խնձորներ է փտեցնում։ Ուզում եմ ասել թե՝ չպետք է սպասել, որ մի փչացած գործակատար մյուս լավերին էլ փչացնե. իմ այս խոսքի մեջ դուք ի՞նչ սխալ եք գտնում:

— Այն, որ փտած խնձորն ու փչացած երիտասարդը միևնույն բաները չեն։ Փտած խնձորը առողջացնել անկարելի է,