— Ինձ վրա՝ դեռ մի քանի աստիճան էլ ավելի։
— Շատ բնական է, որովհետև գրողը ձեր գործակատարն է։
— Այդ միևնույն է. եթե ձեր գործակատարը լիներ, դարձյալ նույն տպավորությունը կաներ։
— Իհարկե․ պարոն Թորոսյանը հո այդ տղայի հայրը կամ խնամակալը չէ՞․ ինչպես մեզ, նույնպես էլ նրա համար նա մի օտար է, — խոսեց նիհար վաճառականը և աչքերը ուղղեց Թորոսյանի վրա, ցանկանալով կարծես, ասել նրան «ես ձեր խոնարհ ծառան եմ, հրամայեցեք ինձ կատարել ինչ կամենում եք, միայն թե ընթացիկ հաշվի պարտքս մի հիշեք»։
— Այսպես թե այնպես, մեր պատիվը «Մանգաղ»-ի մեջ շոշափված է. իբրև անուն ու կշիռ ունեցող վաճառականներ, մենք պարտավոր ենք մեր պատիվը պաշտպանել,— խոսե նախագահը։
— Ոչ թե պաշտպանել, այլ վերականգնել.— հարեց ինտելիգենտը։
— Ի՞նչ ճանապարհով եք կամենում պաշտպանել կամ վերականգնել,— հարցրեց Թորոսյանը։
— Ամենից առաջ ձեզ պետք է խնդրենք, որ գործակատարը արձակեք,— ասաց նախագահը։
— Հետո՞։
— Հետո մի օրինավոր հերքում կգրենք «Մանգաղ»֊ի առաջնորդողի դեմ և կղրկենք հենց իրեն, պարոն Պոչյանին, և կխնդրենք, որ հրատարակե յուր թերթում։
— Ո՛չ, չենք խնդրիլ, այլ կպահանջենք,— հարեց ինտելիգենտը։
— Պոչյանը ձեր հոդվածը չի տպիլ, եթե նրա մեջ «պահանջել» բառը դնեք։ Ես նրան ճանաչում եմ. նա կոշտ ու կոպիտ մարդ է և միայն այդ բառի համար այնպես կգժվի,որ հոդվածը մինչև անգամ տանողի երեսին կխփե։ Իսկ այնուհետև էլ չեք պրծնիլ նրա ձեռքից․ նա կսկսե ավելի խայտառակ բաներ գրել մեզ վրա,— զգուշացրեց ժողովականներին հաստատամիտ վաճառականը։
— Ուրեմն խոնարհաբար կխնդրենք,— հարեց նիհար պարոնը։