— Մեկը հենց պարոն Սոլարյանի հաշվապահը. Նադիրյա՞ն է, ի՞նչ ցավ է։
— Իմ հաշվապա՜հը, չէ՛ , չէ՛ , մեղք եք անում, նա այդպես բաների չի խառնվում,— անհանգստանալով խոսեց տասնևչորս տարի միևնույն սյուրտուկով Նիժնի գնացողը։
— Այո՛, այո՛, սրանից առաջ էլ, նա էր լրագիրներին լուրեր հաղորդում,— հաստատեց նիհար առևտրականը։
— Ի սեր աստուծո, ինձ ու իմ գործակատարին ձեր բաներում մի՛ խառնեք, ա՛յ, ես գնում եմ, ինչ ուզում եք արեք,— այս ասելով հաստատամիտ Սոլարյանը պատրաստվեցավ ժողովից դուրս գնալու, վախենալով, թե չլինի՞ իրենից պահանջեն, որ յուր միակ հաշվապահին հեռացնե պաշտոնից, բայց Նրան արգելեցին։
— Այստեղից հեռանալով ոչինչ լավ բան չեք առաջացնիլ ձեզ համար,— սպառնալու եղանակով նկատեց նախագահը.— անպատվությունը բոլոր վաճառականներին է վերաբերում. ուրեմն մեր պատիվը վերականգնելու համար բոլորս միասին պիտի աշխատենք։ Եթե բանը ջոկ֊ջոկ գործելուն գա, ես այնպես գործ կբռնեմ, որ բոլորիդ էլ դժգոհություն կպատճառե։
Ամենից հարուստ ու զորավոր վաճառականի այս սպառնալիքը ժողովականներին զգաստացրեց, նրանք, առանց դժգոհության, նորեն ուշադրությունները լարեցին դեպի գործակատարների թշնամին, որը սկսել էր խոսել։
— Ասացի, որ մենք խմբագիրների հետ գլուխ չի պիտի դնենք և, կարծում եմ, վատ բան չեմ ասում,— շարունակեց ճառախոսը,— որովհետև ինչպես որ դատարանին դիմողը դատարանից չի ազատվում, մինչև որ վերջին կոպեկները փաստաբաններին չէ բաժանում, այնպես էլ լրագիրներիր միջոցով անուն ու պատիվ վերականգնել ուզողը մրոտողների ձեռքից չի պրծնիլ, մինչև որ նրանց ձեռքով մինչև յոթը պորտը չխայտառակվի։Որպեսզի ընդմիշտ ազատ մնանք անվանարկությունից, պետք է դուրս հանենք մեր միջից այն ծառայողներին, որոնք որևէ հարաբեոություն ունին լրագիր մրոտողների հետ, որովհետև դրանք են, իսկապես, մեր գաղտնիքները հրապարակ հանում, մեր թերությունները մերկացնում, մեզ զրպարտում և անվանարկում, ապա թե ոչ՝ խմբագիրները մեր