աչքերին և նրանց մեջ նշմարելով, կարծես, մի գաղտնի ուրախություն, որը, սակայն, նա աշխատում էր ծածկել հոնքերը խոժոռելով, գուշակեց, որ ինքը չարաչար խաբված է այդ սուտ ճգնավորից։ Բայց էլ ի՞նչ կարող էր անել․ կամուրջը յուր ետևից քանդված էր արդեն։
Նա դարձավ դեպի Թորոսյանը և աչքերը սևեռելով նրա վրա, ասաց.
— Ինձ արտաքսում եք նրա համար, որ մի քանի ճշմարտություններ եմ գրել լրագրում, որ բարի խորհուրդներ եմ տվել ձեզ և ձեր դասակիցներին։ Շնորհակալ եմ։ Դուք դրանով ապացուցանում եք, որ արդարև, ես անկարող եմ ապրել այն մթնոլորտում, ուր դուք այնքան բախտավոր ու երջանիկ եք զգում ձեզ՝ նույնիսկ անմեղ մարդկանց զրկանք ու դժբաղտություն պատճառած ժամանակ: Արդարև, ես արժանի չեմ ձեզ, բայց դուք արժանի եք Թաղարյաններին. վայելեցեք նրանց հավատարմության ու անձնվիրության պտուղները, մինչև որ կգա այն օրը, երբ կհիշեք ինձ... Իսկ ձեզ,— դարձավ նա գանձապահին,— խորհուրդ կտամ օգուտ քաղել այն հավատից ու վստահությունից, որ այս մարդիկը ունին ձեզ վրա։ Աշխարհը ուզում է խաբվիլ, խաբեցեք նրան և հավատացեք, որ ոչ ոք չի մեղադրիչ ձեզ…
Այս ասելով Սարյանը վերցրեց գլխարկը և դուրս գնաց։
Հետևյալ օրը հեռացրին պաշտոնից նաև Նադիրյանին։
(Կշարունակվի)
Երկրորդ մասի վերջ