ծնողի, որը նոր շունչ ու կենդանություն ստանալու համար՝ կարոտում է ձեր երիտասարդ ուժերին։ Ձեզանից յուրաքանչյուրի վրա սրբազան պարտք կա յուր բարոյական աշխատանքը եթե ոչ ավելի՝ գեթ տասանորդ հանել այդ ուԺասպառ ծնողի համար, որովհետև նրա կենդանությունը ձեր կյանքն է, իսկ մահը՝ ձեր կորուստը...»:
Եվ այդ երիտասարդը պատրաստ էր ամեն ինչ զոհեր յուր սիրելի մոր ուժերը կազդուրելու համար։ Նա չէր խնայիլ ո՛չ յուր մարմնական աշխատությունը, ո՛չ մտավոր կարողությունը և ո՛չ սրտի կորովը։ — Գործ և աշխատություն. եթե դրանք ավելի ծանր լինեին քան լեռան կողերը պատող ժայռերը, դարձյալ նա փախուստ չէր տալ դրանցից:
Բայց որտե՞ղ գտնել գործը, որտե՞ղ սկսել աշխատությունը, երիտասարդ Սարյանը մտածում էր դրա վրա։
Սկզբներում նա գրեթե միշտ յուր ընկերների հետ էր լինում։ Ամառային գեղեցիկ օրերը խմբում էին նրանց միասին, երբեմն քաղաքի պարտեզներում, երբեմն կանաչ դաշտերի վրա, և շատ անգամ քաղաքից հեռու, կարկաչախոս գետակների ափին կամ հորդաբուխ աղբյուրի մոտ, ուր նրանք վառում էին «չոլի կրակը», կարտում հոնի շամփուրները, շարում նրանց վրա պարարտ ոչխարենին սմբուկի և ոսկեխնձորի հետ. բոլորում էին սեղանը հովանավոր ծառերի տակ, ուտում, խմում և երգում էին, և ապա այդ բոլորը պսակում իրենց ոգևորված ճառերով։ Եվ ինչե՜ր, ինչե՜ր չէին խոսում նրանք, ի՜նչ հույսեր, ի՜նչ ակնկալություններ չէին ոգևորում նրանց... Երջանի՜կ հասակ, երջանի՜կ ժամանակ, որ ապրում է վարդագույն հույսերով անծանոթ աշխարհի վշտերին...
Ընկերական կյանքը, հարկավ, դատարկ չէր անցնում նորավարտների համար։ Նրանք լրջորեն մտածում էին նաև գործի վրա։ «Այստեղ, մեր հայրենի քաղաքում ևս հասարակական շահերը պետք ունին մեր խնամքին, — ասում էին նրանք. — նվիրվենք այդ շահերին, ինչպես և որքան կարող ենք։ Մեր առաջ դրված է մի ազգային դպրոց, ուր մեր ապագա հասարակությունն է կրթվում և այդ դպրոցն օրինավոր եկամուտ չունի։ Մեր առաջ կանգնած է ազգային