Այս էջը հաստատված է

բակի այցելուներն օգուտ քաղելով դռնապանի թուլությունից, բարեհաճել էին ներս խուժել առանց տոմսակի և իրենց ներկայությամբ խրախուսել մեր թատերասերներին... Բայց երբ ամեն ինչ վերջացավ, և թատերասերները սկսեցին իրենց եկամուտը հաշվել, ցավելով տեսան, որ վաճառված տոմսակների գինը հազիվ է բավականանում երաժիշտներին վճարելու։ Իսկ իրենց արած ծախսերը յուրաքանչյուրի շլինքին մի կլորիկ գումար վճարելի պարտք է գնում։

Հիասթափումը և նրան հաջորդող հուսահատությունը մեծ էր. մանավանդ որ բոլոր խաղացողները գրեթե աղքատ ընտանիքի զավակներ էին. որտեղի՞ց պիտի կարողանային կրած վնասը ծածկել։

Այս անաջողությունը վերջին հարվածը տվավ նորավարտ գործողների ընկերական գործունեությանը։ Նրանք հուսահատվեցան և սկսեցին աննպատակ քաղաքի փողոցներն ու շրջակաները թափառել, առանց մի նոր գործ սկսել կարողանալու։

Եվ որքա՜ն էին վշտանում խեղճ երիտասարդները տեսնելով, թե ինչպես իրենց ոսկի երագները, իրենց գեղեցիկ հույսերն առանց մարմին առնելու ցնդեցան օդի մեջ...

Բոլոր այս տքնություններից, բոլոր նեղություններիդ միայն մի բան մնաց նրանց, այն է՝ «ֆարմասոն» ծաղրական անունը, որով կանչում էին նրանց զվարճասեր խանութապանները, երբ նրանք անցնում էին խանութների առջևից։ Մի երկու ամիս անցնելուց հետո մեր «նորավարտ գործողների» ընկերությունը ցրվեցավ։ Նրանցից շատերը գնացին օտարության՝ բախտ ու պաշտոն որոնելու, և քչերը միայն մնացին քաղաքում՝ հանձնելով իրենց ճակատագրի քմահաճ կամքին։

Այդ քչերի թվին պատկանում էր Վահան Աարյանը։ Նա չէր կամենում ո'չ բախտի և ոչ պաշտոնի հետևից գնալ, որովհետև չէր կամենում միայն յուր գոյության մասին մտածել, «այդ անում են մինչև անգամ անդամալույծները», — մտածում էր նա, հետևապես որքան էլ ընկերների հետ ունեցած իրենց գործունեությունն ապարդյուն և հուսահատական եղած լիներ, այսուամենայնիվ նա դեռ չէր