Այս էջը հաստատված է

կամենում վհատվիլ. դեռ հույս ուներ, թե կարող է պիտանի լինել այն ազգին, այն հասարակությանը, որին պատկանելու պատիվն ունի և որին դեռ կարող է ծառայել, քանի յուր բազուկներում ուժ և սրտի մեջ կորով ունի։ Նա այն եզական անձինքներից էր, որոնք ավելի ուժ ու քաջություն են ստանում, երբ միայնակ են մնում և ավելի են արիանում, երբ բախտը սկսում է նրանց հալածել։

Բայց և այնպես յուր և ընկերների կրած մեզ ծանոթ անհաջողությունները եթե չվհատեցրին նրան, գեթ լրջորեն մտածել տվին, թե արդյոք նա յուր հայրենի քաղաքո՞ւմ պիտի մնա, թե՞ ուրիշ կողմը պիտի տեղափոխվե։ Երկար, շատ երկար մտածելուց ետ՝ նա վերջապես յուր հիշատակարանի մեջ հետևյալ որոշումն արձանագրեց.

«188* օգոստոս 30. Համոզվեցա, որ միայն այս քաղաքը չէ, ուր կարող եմ գործել, կան և ուրիշ տեղեր, ուր ապրում են իմ հայրենակիցները, և ուր իմ գործունեությունը կարող է պիտանի լինել։ Թողնեմ ուրեմն այս երկիրը, ուր կոպտության ժայռերի մեջ հազիվ է բացվում աշխատության ծաղիկը, ուր նրա քնքուշ ընձյուղները խամրում են ցրտաշունչ հողմերի սաստկությունից։ Երթամ գործելու այնտեղ, ուր պարարտ է հողը և առատ ջրերը, ուր քաղցր է արևը և հեզիկ հովերը։ Երթամ այնտեղ, ուր չեն հալածում մարդուն, երբ նա կամենում է գործել, և մեծարում են նրան, երբ նա ազնվությամբ է գործում»։

Եվ այսպես Վահան Սարյանը որոշեց թողնել յուր ծննդավայրը։ Բայց նրա դիտավորությունը մի որևէ գավառական քաղաք գնալ չէր. նա կամենում էր դիմել դեպի Թիֆլիս դեպի կովկասյան հայոց լուսավորության կենտրոնը: