Այս էջը հաստատված է

— Երկու. օրից ե՞տ, և ո՞ւր,— զարմացած հարցրեց տիկին: Գոհարը։

— Թիֆլիս։

— Թիսլի՞ս. դա արդարև մեզ համար նորություն է։

— Այո՛, Թիֆլիս, — կրկնեց երիտասարդը։

— Եվ ինչո՞ւ համար։

— Գնում եմ, որ հանգստություն և երջանկություն ձեռք բերեմ այնտեղ։

— Թիֆլիսո՞ւմ...— խորհրդավոր եղանակով հարցրեց օրիորդ Աշխենը։

— Այո՛, օրիորդ․ ես կարծում եմ, որ այդ երկու բարիքը կարելի է ձեռք բերել միայն այնտեղ։

— Շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ անպատճառ այնտեղ,— նկատեց օրիորդը։

— Որովհետև այնտեղ միայն կարելի է անընդհատ գործել և անընդհատ աշխատել։

— Այո՛, մոռացա, որ փոքր առաջ դուք նկատեցիք, թե հանգստությունն ու երջանկությունն անընդհատ գործելու և աշխատելու մեջն են գտնվում,— խոսեց օրիորդը։

— Այո՛, այժմ էլ նույնն եմ ասում,— հարեց երիտասարդը։

— Իսկ ես կարծում եմ, որ գործելու և աշխատելու մեջ հանգիստ ու երջանկություն որոնողը պետք չունի անպատճառ Թիֆլիս դիմելու,— ծանրությամբ նկատեց տիկին Գոհարը,— որովհետև մեր երկրում էլ կարելի է նույն չափ եռանդով ու տոկունությամբ աշխատել, որքան և օտարության մեջ։

— Օ՜, ոչ, սխալվում եք, տիկին, չարաչար սխալվում եք,— եռանդով խոսեց երիտասարդ Սարյանը,— ցանկացած ծաղիկն ամեն հողում չես կարող տնկել և աճեցնել։

— Դուք կարծում եք, որ մեր երկրի հողը ոչինչ սնունդ չի՞ կարող տալ յուր մեջ տնկած ծաղկին,- ժպտալով հարցրեց տիկինը։

— Մեր երկրի հո՞ղը, ո՛չ, տիկին, հազար անգամ ո՛չ, մեր երկրի հողը թույն է պարունակում յուր մեջ, նա չի կարող ծաղիկներ բուսցնել, նա չի կարող պտուղներ հասցնել.