նրանց վիճաբանությունները.., օ՛հ, չէ՞ որ կատարյալ երջանկություն է այդ կյանքով ու կրակով լի աշխարհում ապրելը...
— Ա՜խ, պարոն Սարյան, դուք այնպիսի լավ գույներով եք նկարագրում այդ բոլորը, որ ես փափագում եմ թևեր ունենալ և թռչել դեպի այդ երանելի երկիրը,— խորը զգացված խոսեց օրիորդ Աշխենը, որը մինչև այն լուռ ու հետաքրքրությամբ լսում էր երիտասարդին։
— Ես դեռ բոլորը չասացի,— հարեց իսկույն Սարյանը,— դեռ ոչինչ չհիշեցի այդտեղ հրատարակվող հայոց լրագիրների մասին։ Չէ՞ որ բուն լուսավոր, զարգացած և իմաստուն գլուխներն այդ լրագիրների շուրջն են խմբված։ Երևակայեցեք մի վայրկյան, որ դուք մի բախտավոր առիթով ծանոթանում եք այս ինչ թերթի խմբագրի հետ և կարողանում եք մտնել նրա խմբագրությունը։ Այդտեղ նստած են գիտնական և լուսամիտ մարդիկ. խոսում ու դատում են զանազան խնդիրների վրա։ Դուք լսում եք նրանց. ծանոթանում եք նոր խնդիրների, նոր մտքերի, նոր հայացքների հետ. որոշ գաղափարներ եք կազմում ձեզ ծանոթ այս և այն հարցի մասին։ Ծանոթանում եք գրական աշխարհի և նրա գործողների հետ, սովորում եք նրանցից գսրծարել ձեր ուժերը, ձեր աստվածատուր շնորհը այնպես, որ աշխարհը ձեզ տեսնե, ճանաչե, գնահատե... միով բանիվ ապրում եք ճշմարտապես աստուծո պատկերը կրող մարդկանց շրջանում և սովորում եք նրանց նմանել...
— Օ՜հ, պարոն Սարյան, գնացե՛ք, ի սեր աստուծո, գնացե՛ք, մի՛ մնաք այս խավար, այս անիծված երկրում,— հուզված բացականչեց օրիորդ Աշխենը,— թողեք, որ մենք մնանք այստեղ, մենք ողորմելի կանայքս, որ ստեղծված ենք միմիայն անհայտության մեջ ապրելու և մեռնելու համար...
— Սխալվում ես, սիրելիս, սխալվում ես. կինն անհայտության մեջ ապրելու ու մեռնելու համար չի ստեղծված,— նկատեց աղջկան տիկին Գոհարը.— կինն էլ կարող է գործել, կինն էլ կարող է պիտանի լինել հասարակությանը,