նա սկսեց դիտել Երեմյանների տունը և այն սենյակը, ուր սովորաբար պարապում էր օրիորդը և որն այդ րոպեին լուսավորված էր։
«Նա երևի կարդում է և, իհարկե, ինձ վրա չէ մտածում...,— շշնջաց ինքն իրեն երիտասարդը և ապա աչք ածեց տան նեղ և երկար պատշգամի վրա, որը նույնպես լուսավորված էր լուսնի կաթնագույն լույսով։
Հանկարծ մի սպիտակ շրջազգեստ երևաց պատշգամում. դա ինքն օրիորդն էր, օր համր քայլերով առաջանալով եկավ կանգնեց լուսնի հանդեպ և պատշգամբի սյունի վրա կռթնելով՝ սկսեց դեպի պարտեզը նայել։ Այդ անշարժ դիրքի մեջ նա նմանվում էր մի մարմարիոնե արձանի, որով բանաստեղծության սիրահար հարուստ իշխանները երբեմն իրենց պալատների սարավույթներն են զարդարում։
Երիտասարդը հիացմունքով և անթարթ աչքերով դիտում էր այդ գիշերային խորհրդավոր երևույթը, նրա սիրտը հետզհետե հուզվում և անհանգիստ տրոփում էր։ Կարծես սիրո բարերար ոգիներից մինն էր, որ այդ րոպեին բերավ և կանգնեցրեց նրա առաջ յուր գաղտնի սիրո առարկան: Երիտասարդը երկար նայեց նրա վրա, հիացավ, զմայլվեցավ և ապա ձեռքերն օդի մեջ տարածելով հոգեկան հափշտակության մեջ շշնջաց.
«Սիրում եմ, սիրում եմ...». հետո կարծես վախենալով, որ յուր աշակերտուհին կարող է լսել կամ ցանկապատի մոտ նշմարել իրեն նա կամացուկ հեռացավ այդտեղից և նեղ ու մութ փողոցի մեջ անհայտացավ:
Իսկ ինքն օրիորդն ինչո՞ւ այդ րոպեին դուրս էր եկել պատշգամբ ինչո՞ւ շարունակ դեպի պարտեզն էր նայում, ո՞ւմն էր պտրտում այնտեղ։
Այդ դժվար էր գուշակել։
Երիտասարդ, բայց խորագետ աղջկա սիրտը ծովի նման խոր և գիշերի պես անթափանցելի է։
Իզո՞ւր հոգեբանը նրա հայացքը քննում, ժպիտը չափում և շառագունելուց ենթադրություններ է անում։ Միայն թեթևամտությունը և հիմարության հասցրած պարզամտությունն է, որ յուր տիրոջ զգացմունքները մատնում է։