Այս էջը հաստատված է

մայրն աղջկանն էր սպասում, որ լռությունը խլե, իսկ աղջիկը՝ մորը։

Վերջապես տիկին Գոհարը աոաջինը խոսեց.

— Ես կարծում էի, թե աշխարհում մենք իրավունք չունինք մի բարեկամից ավել ունենալու, այժմ տեսնում եմ, որ այդ մեկն ունենալու իրավունքից էլ զուրկ ենք։

— Ինչպե՞ս, մայրիկ,— հետաքրքրությամբ հարցրեց օրիորդը։

— Իհարկե, որդի, մի հատ բարեկամ ունեինք, որ մեր միայնությունը սփոփում էր, նա էլ այժմ հեռանում է։

— Այդ էլ մի սկսված բան է, որ վերջանում է, չէ՞, ի՞նչ կա ափսոսալու,— ժպտալով նկատեց Աշխենը։

— Դու չե՞ս ափսոսում։

— Իհարկե ոչ. լավ կաներ, եթե մնար, բայց գնում է, ավելի լավ է անում։

— Այդ ի՞նչ է նշանակում։

— Այդ նշանակում է այն, որ եթե պ. Սարյանը մնար այստեղ, մեզ համար լավ կլիներ, որովհետև մենք մի ընտիր բարեկամ կունենայինք։ Բայց, որ գնում է ավելի լավ է անում, որովհետև Թիֆլիսի նման լուսավորված քաղաքում նա կարող է առաջ գնալ, ավելի զարգանալ, հասունանալ և մի ընտանիքի փոխարեն՝ շատ ընտանիքների օգտավետ լինել։

— Այսուամենայնիվ, դու հո կցանկանայի՞ր, որ նա վերջ ի վերջո գար այստեղ։

— Ե՛ս, ինչո՞ւ համար անպատճառ ես,— մորը չհասկանալ կեղծելով հարցրեց Աշխենը։

— Այսինքն... այսինքն նրա համար, որ դու երևի կրցանկանայիր, որ նա ավելի մեր քաղաքին պիտանի լիներ։

— Ա՛խ, այդ միևնույն է. Թիֆլիսի հայը նույնչափ սիրելի է ինձ համար, որչափ և իմ այստեղի հարևան հայը։ Բոլորի համար էլ ես հավասար բախտ և հավասար երջանկություն եմ ցանկանում։

Տիկին Գոհարը լռեց։ Վաղուց նա յուր սրտում փայփայում էր ապագային վերաբերող մի սիրելի միտք, որի իրագործման, կարծում էր, յուր աղջիկն անշուշտ փափագող է։ Այս երեկո, դեպքից օգուտ քաղելով, նա կամեցավ հավաստիանալ: