Այս էջը հաստատված է

մի կին էր: Նահապետական հայ կնոջ հատուկ տնարար աշխատասիրությամբ նա յուր ամուսնու չափավոր եկամուտը կարգավորում էր այնպես, որ թե՛ ընտանիքը ապրում էր անկարոտ և թե՛ սև օրվա համար մի փոքրիկ խնայողություն էր մնում։

Բացի Վահանը, որ այս ամուսինների անդրանիկ զավակն էր, նրանք ունեին նաև Վարդուհի անունով մի գեղեցիկ և համեստ աղջիկ, որը տասնևհինգ տարեկան էր և ծնողների հաշվով արդեն հարսնացու: Եղբայրը նրան գրական արվեստի ուսում էր տալիս, իսկ մայրը տնարարական և տանտիկնության։ Տասնևհինգ տարեկան հասակում այդ աղջիկն ավելի բան գիտեր տանտիկնության վերաբերմամբ, քան թե շատ ամուսնացած կանայք իրենց երեսնամյա հասակում։

Վահանի ծնողները թեպետ կրթություն չէին ստացած, բայց բնական խելքի և առողջ դատողության տեր անձինք էին։ Մանավանդ հայրը մեծ համակրություն էր վայելում ծանոթների և բարեկամների շրջանում յուր ճարտար խոսելու, գեղեցիկ տրամաբանելու և առողջ դատելու շնորհունակության պատճառով։ Ինքը թեպետ հին սերնդին պատկանելով միայն գրել-կարդալ էր սովորել, բայց ի բնե ուսումնասեր լինելով, որդուն զարգացնելու համար կարողության չափ աշխատել էր, այսինքն ամեն դյուրություն տվել էր նրան, որպեսզի հայոց թեմական դպրոցն ավարտել կարողանա։ Զարգացման այն պաշարը, որ թեմական դպրոցն էր տալիս, նրա կարծիքով, շատ բավական էր յուր որդու համար։ Իսկ ինչ դստերն էր վերաբերում, նրա ուսման չափը որոշեց այնքան, որքան եղբայրը կարող էր ավանդել։ Մի երկրորդ ուսուցչի միջամտությունը նա անպայման ավելորդ էր համարում, որովհետև հարսնացու աղջկա համար, նրա կարծիքով, հինգ աստիճան պարկեշտություն, հինգ աստիճան տանտիկնության հմտություն և միայն մի աստիճան գրական ուսում էր հարկավոր:

Հովսեփը երբ դրսի կալվածներից վերադառնում էր տուն, սիրում էր կարդալ հայոց լրագիրները, որոնցից երկուսը ստանալու համար նա շարունակ զոհում էր 20 ռուբլի,