չկանգնել ոչ մի արգելքի առաջ, ո՛չ սիրո վրա մտածել, ո՛չ ծնողական ընդդիմության վրա, այլ ուղղակի դեպի ցանկալի նպատակը դիմել։ Հասնելով տուն, նա գտավ յուր հորն անհամբերությամբ իրեն սպասելիս:
— Երկու օրից ետ Թիֆլիս գնացող ընկերներ կան,— ասաց նա որդուն,— սպասում էի քեզ» որ որոշումդ իմանամ. եթե գնում ես, պետք է հայտնենք նրանց, որ ընկերացնեն քեզ։
— Անպատճառ գնում եմ, հայրիկ, հայտնեցեք, բայց ովքե՞ր են դրանք
— Բարի մարդիկ. նրանց դու կտեսնես, բայց դեռ ինձ այն ասա՛, ընդունեցի՞ր իմ խորհուրդը, թե ոչ։
— Ոչ, հայրիկ, ես ծառայության մտնել չեմ կարող, ես պետք է աղատ լինեմ, որպեսզի, ինչպես ասացի, ամբողջապես նվիրվեմ իմ ազգին։
— Շատ լավ ես մտածել, որդի, բայց դու կարողացա՞ր գտնել այն միջոցը, որով մարդիկ առանց ուտելու և հագնելու կարողանում են նվիրվել ազգին։
— Այդ միջոցը որոնելու հարկ չկա։ Մի կտոր ցամաք հաց և մի շալե չուխա միշտ և ամեն տեղ կարելի է գտնել։
— Ես այդ գիտեմ, բայց քո գործի օգտի համար, գոնե, դու պետք է անկարոտ կյանք ունենաս, Եթե մինչև անդամ մի կտոր ցամաք հացը դու բավական համարես աշխատության մեջ վատնած ուժերդ կազդուրելու համար, այսուամենայնիվ մի շալե չախով քեզ իրավունք չեն տալ մտնել այնտեղ, ուր որ կամենում ես կամ ուր որ պետք է գործես։
— Սխալվում ես, հայրիկ, լուսավորված երկրում ձեզ նման չեն մտածում։
— Չգիտեմ, գուցե, բայց ես կարծում եմ, որ ամեն երկրում էլ կարոտությունը ճնշում է մարդկանց և նրանց առաջ գնալու ճանապարհները փակում է։
Որպեսզի խոսքդ նշանակություն ունենա, որպեսզի քեզ չծաղրեն, որպեսզի քայլերիդ դեմ քար չնետեն, ամենից առաջ պետք է, որ անկախ մարդ լինես, իսկ անկախ լինելու համար պետք է անկարոտ լինես, ուրիշները եթե քեզ վրա հույս դնեն, դու երբեք ուրիշների վրա հույս չպիտի դնես.