ու տանիքը, ուր յուր մանկությունն անցուցել, ու ծնողական սերն ու գգվանքը վայելել, ուր շատ անգամ տխրել և շատ անգամ ուրախացել էր և որից այժմ արագ-արագ հեռանում էր: Նրա աչքի առաջ դեռ կանգնած էր հայրը յուր բարձր հասակով, հանգիստ ու ակնածալի դեմքով, քաղցր ու համոզկեր ձայնով. նա մտաբերում էր նրա խրատները, նրա խորհուրդները և մի քանի ժամ առաջ, արտասուքի մեջ խեղդվող ձայնով, իրեն տված հրաժեշտի ողջույնը։ Նրա առջևն էր ժիր ու աշխատասեր մայրը, միշտ ուրախ ու ժպտող երեսով, շարունակ գործի ետևից, երբեմն կռները սոթտած տան տնտեսական մասում, երբեմն կարուձևի առաջ նստած՝ անընդհատ աշխատելիս։ Նրա աչքի առջևն էր քնքուշ ու գեղեցիկ քույրը, ամաչկոտ աչքերով, միշտ շիկնող դեմքով, մերթ գիրք կարդալիս, մերթ անկված գործելիս և շատ անգամ մոր գործին օգնելս։ Նա հիշեց հանկարծ և յուր հեռանալու րոպեին նրանը թափած արցունքները, նրանց հեկեկանքը, նրաց ջերմ և սրտագին գրականությունը և յուր աչքերն էլ արտասուքով լցվեցան։ Բայց ուղեկիցներից ամաչելով երեսն ուրիշ կողմը շրջեց և սկսեց հեռու հորիզոնը դիտել, մինչև որ հոգեկան հուզմունքն անցավ։
Բայց հազիվ թե նրա աչքից հայրենական տան ու ընտանիքի պատկերը հեռացավ, և ահա նրան մի ուրիշը հաջորդեց։ Նրա առաջ արձանացավ օրիորդ Աշխենը յուր նազելի հասակով, յուր սիրուն դեմքով և հրաժեշտի րոպեին արտասվող աչերով։ Երիտասարդին թվում էր, թե դեռ լսում է Նրա քնքուշ ձայնը. յուր ականջներին դեռ հնչում էին նրա խոսքերը. «Ձեզ բարի ճանապարհ և ձեր գործերին անվերջ հաջողություն... տխրելու իրավունք ունիմ, որովհետև բաժանվում եք մեզանից... եթե մեզ մոռանաք, պիտի վշտանանք, բայց եթե օգտավետ գործերով զբաղված լինելու պատճառով մոռանաք՝ այդ մեզ կմխիթարե...»։
Այս և սրանց նման խոսքերը նա մտաբերում, որոճում, քննում և նրանց նշանակության մասին զանազան ենթադրություններ էր անում։ «Իսկ այն վերջին հայացքը, նրա աչքե՞րը... չէ՞ որ արտասուքով էին փայլում. — գրեթե