Այս էջը հաստատված է

Շիրազը տեսնելով, որ երիտասարդի տխրությունն անցավ, շարունակեց յուր կատակները։

— Տես, բարեկամ, այդպես կնճռած ճակատով Թիֆլիս չմտնես. այնտեղ մարդիկ ո՛չ տխրում են, ոչ էլ տխուր մարդկանց սիրում են: Քեզ որ այդպես տեսնեն, անցագրիդ ետքին կգրեն, թե այս մարդը նաս է ու կհանձնեն համքյարներին։

— Հետո համքյարներն ի՞նչ կանեն ինձ,— հարցրեց Վահանը ծիծաղելով։

— Առաջ կստիպեն, որ մի ամիս շարունակ օրական մի թունգի գինի խմես, եթե խմեցիր՝ լավ, եթե ոչ կհանձնեն պոլիցիային։

— Իսկ պոլիցիան ի՞նչ կանի։

— Ինչ պիտի անի. ետ կդարձնեն քեզ քո մոր մոտ, որ գնաս նրա թխած գաթաներն ուտես։

— Բայց դու Քուռն անցնելը մոռացար, պա՛րոն Մանաս, — ակնարկեց շիրաջուն մի ուրիշ ուղևոր։

— Հա՛, իրավ, Քուռն անցնելը մոռացա, ինչ լավ եղավ, որ հիշեցրիք։

— Ինչպե՛ս թե Քուռն անցնելը մոռացար. պետք է սնցնեիր ու չանցա՞ր,— հարցրեց Վահանը ժպտալով։

— Չէ, հարցն իմ անցնելուն չի վերաբերում, այլ քո անցնելուն։

— Ինչպե՞ս թե իմ անցնելուն։

— Առաջին անգամ պետք է Քուռն անցնես, չէ՞։

— Այո առաջին անգամ։

— Դե, ուրեմն բանդ բուրդ է։

— Ինչպե՛ս թե բանս բուրդ է,— հարցրեց Վահանը կարծես մի փոքր վախենալով.

— Վա՛, հապա, կարո՛ղ ես Քռի այս ափից մինչև այն ափն անցնելը մեկ գլուխ ծիծաղել։

— Ի՞նչ հարկավոր է ծիծաղել։

— Էհ, որ չգիտես, ի՞նչ ասեմ, երևի դեռ ուսումնական էլ են անվանում քեզ։

— Իհարկե, ուսումնական եմ:

— Հապա, որ ուսումնական ես, քո գրքերում չես կարդացել, թե Քուռն ի՞նչ զորություն անի։