ճվճվացնելով սիրտ է տալիս նրանց: Իսկ բեռնակառքը միևնույն ծանրությամբ շարժվում, միևնույն դղրդյունով առաջանում է առանց յուր անիվների գրգռոցի վրա մի նոր ձայն ավելացնելու կամ եղածից մի բան պակասեցնելու:
Հանկարծ կարավանի առաջնթաց բեռնակառքից լսվում է թուրք կառավարի հաստ ու խռպոտ ձայնը. «հոլթ:» Սա կառքերը կանգնեցնելու նշանաբանն է, որը անտարակույս գերմանացի կառապանների գործածած halt (կանգնեցրու) բառն է։ Ֆուրգոնները կանգնում են։ Նրանք արդեն հասել են իջևանը։ Բայց ներս մտնելու ճանապարհը փակել են բազմաթիվ սայլեր, կառքեր, ձիաներ. պետք է սպասել, մինչև որ բոլորը ներս մտնելով ճանապարհը բացվի: Վերջապես ամենքը շարժվում են աջ ու ձախ. ֆուրգոնների համար էլ ճանապարհ է բացվում, նրանք էլ ներս են մտնում։
Բայց ի՞նչ բան է այս ֆուրգոնների իջևանը։— Մի ընդարձակ տարածություն, բարձր ցանկապատով պատած, որի աջ կամ ձախ կողմի երկարությամբ շինված է լայն և երկար ծածկարան, ուր մտնում են ֆուրգոններն իրենց ձիաներով։ Ցանկապատի տարածության մի ուրիշ մասի վրա շինված են մի քանի կրպականման սենյակներ, որոնց մեջ իջևանում են ուղևորները։ Այդ սենյակներից ամենամեծի մեջ զետեղված է իջևանի խանութը, որը թե գինետուն է, թե՛ մառան, թե՛ զենարան և թե իսկապես մանրուքի խանութ։ Այստեղ մի անկյունում դրված են գինու և оղիի տակառները, մյուսում դարսված է ուտելեղենի պաշարը, մի տեղ կախված են ոչխարհի կիսաններ, մի ուրիշ տեղ շարված են ոգելից ըմպելիների շշեր, սրվակներ, ծխախոտի ու լուցկիների տուփեր, արկղիկների մեջ շաքար, թեյ, մոմ, սապոն, ճրագու, թել, իսկ ճանապարհորդի համար պիտանի ուրիշ շատ մանր ապրանքների հետ միասին նաև միրգ ու կոնֆետներ։ Շատ բան, իհարկե, արդեն փոշոտված, շատ իրեղեններ ճանճերից կեղտոտած, բայց բոլորն էլ խանութատիրոջ և յուր հաճախորդների համար անպայման պիտանի։
Եվ ահա ուղևորները խռնվում են խանութպանի սեղանափակի: