Այս էջը հաստատված է

եղբայրց, քույրերի և ազգականների համար, որոնց երկարամյա բացակայությունից ետ պիտի տեսնեի, ոչ. ես ուրախանում էի գլխավորապես նրա համար, որ Արդուկյանին պիտի տեսնեի, նրա հետ ծանոթանայի, նրա ձեռքը սեղմեի, նրա բարեկամությունը գրկեի... ես խոսքեր էի պատրաստում աոաջին անգամ հանդիպածս ժամանակ նրան ուղղելու համար, ես ճառեր էի հորինում... բայց...

III

Եվ ահա՝ ես Թիֆլիսումն եմ։ Առաջին մտածմունքս ա՛յն է, որ Արդուկյանին այցելեմ։ Կարևոր պատրաստությունները տեսել եմ. մի երկու փոքրիկ ճառեր արդեն պատրաստ են և ես շարունակ հեղեղում եմ նրանց, որպեսզի բարեկամիս հանդիպածս ժամանակ հանկարծակիի չգամ։ Այսուամենայնիվ միայնակ նրա մոտ գնալ չեմ վստահում։

— Արի դիմեմ նախ Ամուլյանին. նա իմ հին ընկերս է. և մեր ազգայինների հետ, անշուշտ, լավ հարաբերության մեջ է. նա ինձ կառաջնորդե,— մտածում եմ ինքս ինձ և ուրախանում։ Եվ անմիջապես ներկայանում եմ Ամուլյանին։

Ի՜նչ ուրախություն, ի՜նչ հրճվանք. քիչ էր մնում, որ ընկերս յուր գրկերի մեջ խեղդեր ինձ։ Բայց վերջապես ազատվեցա. խոսացինք մի փոքր չար ու բարի, գանգատվեցինք, բամբասեցինք և վերջապես հայտնեցի նրան իմ դիտավորությունը:

— Արդուկյանի՞ն, մի՞թե կամենում ես նրան այցելել, այն ցած, այն ստոր արարածին,— բացականչեց հանկարծ ընկերս՝ արջակատվի նման աչքերը չռելով ինձ վրա:

Ես մնացի զարմացած և չգիտեի, թե ի՛նչ պատասխանեմ:

— Ի՞նչ եք խոսում, բարեկամ. արդյոք լավ հասկացա՞ք ինձ, թե՞ սխալ լսեցիք,— հարցրի ես նրան վարանելով:

— Շատ լավ հասկացա. ասում եք, որ մտադիր եք Արդուկյանին այցելելու և ես ասում եմ, որ այդպիսի ցանկություն ունենալն անպատվություն է ձեզ համար։