համարեց յուր հիշատակարանի մեջ հետևյալ տողերը արձանագրել.
«188* սեպ. 15. Ութ օր շարունակ ապրեցի ճանապարհին, ծանոթացա տեսակ-տեսակ մարդկանց հետ. դիտեցի նրանց մտածելու և գործելու եղանակը, որից եկա այն եզրակացության, որ փողն ու ստամոքսը նույնպես կուռքեր են, որոնք իրենց երկրպագուները ունին, միայն թե այնպիսի կուռքեր, որոնց եթե անարգես, բարեկամներդ կշատանան, եթե մեծարես՝ թշնամիներդ։ Պատճառը պարզ է։ Ոչ ոք չի կամենում, որ յուր բաժնի վրա ընկերոջ աչքը նայե, մինչդեռ ամենքը կամենում են, որ ընկերն յուր ունեցածն իրենց բաժանե։ Ո՞վ ունի արդար իրավունք, իմ կարծիքով և ոչ մեկը»։
Զ
ԱՐԴԱՐ ՔՐՏԻՆՔՈՎ ԱՊՐՈՂՆԵՐԻ ԹԵՅԱՐԱՆԸ
Կովկասյան մայրաքաղաքի բնական առավելություններից ու դյուրություններից մեկն էլ այն է, որ ասիացի մարդը, եթե այդ քաղաքի մաքուր փողոցների վրա գտնվող շքեղ հյուրանոցներում կամ ապարանքներում ապրելուց ձանձրանա (որ շատ է պատահում ղարադաղցի, սալմաստցի կամ Ծրդուբադցի հանկարծ հարստացող և Թիֆլիս գաղթող հին փինաչիների հետ), այդպիսին կարող է մի քանի վայրկյանում տեղափոխվել յուր հայրենական ծննդավայրը: Դրա համար հարկավոր է միայն գնալ Թիֆլիսի հին քաղաքամասը, ուր հանքային բաղանիքներն են։ Այդտեղ աջ ու ձախ անցնող փողոցների վրա ապրում է Պարսկաստանը յուր բոլոր ակնապարար հրապույրներով։ Մի տեղ դուք կտեսնեք միաշար խանութներ, որոնց մեջ թավրիզցի թուրքերը գերծած գլուխներով, կեղտոտ գոգնոցներով, նարգիլեի պտուկը բերաններին, զանազան համադամներ են պատրաստում, ինչպես, օրինակ, փլավ, բոզբաշ, ղավուրմա, տոլմա կամ գլուխ գործոց լյուլաքյաբաբ։ Այդ խանութները աշպազխանաներն են (խոհակերոց), ուր մոթալ