ներքև,-հրամայեց բերդակալը, և պահապանը կատարելով նրա հրամանը՝ հեռացավ։
Երբ նրանք միայնակ մնացին, բերդակալն առաջինն սկսավ խոսիլ.
-Չէի կասկածում, որ այստեղ եկողը արքայի մարդկանցից է. պահապաններն ասացին, որ դու քեզ նախ արքայական և ապա Ցլիկ֊Ամրամի համհարզն ես անվանել։ Սկզբում շփոթվեցի, կարծելով, թե եկողը Ամրամի մարդկանցից է. բայց հետո իմացա, որ մեր պահապանի` արքայի հասցեին ուղղած անզգույշ խոսքերից հետո ես խոսքդ փոխել, իսկույն գուշակեցի, որ մեր հավատարիմներից մինն է եկողը։
Այժմ ասա՛, որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ. ինչու՞ միայնակ ես. ո՞ւր են թիկնապահներդ. ի՞նչ լուր ունիս արքայից. արդյոք եգերացիներից հույս կա՞, թե՞ Ոստանը պետք է զորաժողով անել...-շտապով և իրար ետևից հարցեր արավ բերդակալը։
Մարզպետունի իշխանը, ըստ երևույթին, հեղինակավոր անձն էր բերդակալի համար։ Վերջինի հարցերին նա չշտապեց պատասխանել, այլ նստելով տախտակե աթոռակի վրա, որ այդտեղի միակ կարասին էր, առաջարկեց խոսակցին նույնպես նստել յուր հանդեպ՝ դիտանոցի պատուհանին։
-Դու դեռ երիտասարդ ես, Վահրամ, իսկ ես տարիքս անցրած։ ճանապարհի երկարությունն ինձ հոգնեցրել է, թող որ մի փոքր հանգստանամ և ապա խոսեմ,-նկատեց Մարզպետունին։
-Ա՛խ, ներիր ինձ, իշխան, քո ներս մտնելով ես այնպես ուրախացա, որ մինչև անգամ շփոթվեցա և տանուտիրական պարտավորությունս մոռացա... նույնիսկ նստել չառաջարկեցի քեզ... Ների՛ր ինձ, աղաչում եմ։ Բայց մենք ինչո՞ւ այստեղ ուշանանք. շնորհ արա ինձ, ե՛կ իմ տուն, այնտեղ հոգնությունդ կառնես և ավելի հանգիստ կխոսակցես։
Այս ասելով բերդակալը վեր կացավ կամենում էր առաջնորդել իշխանին։ Բայց նա տեղից չշարժվելով, նրան էլ առաջարկեց նստել։
-Վահրամ, ես քո տունը գալ չեմ կարող,-ասաց իշխանը.-ինձ չպետք է տեսնեն քո տանը։ Մի քանի տեղեկություններ