ունեցիր գոնե մի սուր ցցել իմ կրծքին, որպեսզի Սահակ Սևադայի վշտերը գոնե նրա մահվամբ անհետանան աշխարհից, որպեսզի քո որդիները Սևադայի բողոքը չլսեն և քեզ չանիծեն...»։
Իշխանը դեռ չէր վերջացրել խոսքը, որ բոլոր ավագանին և նրա հետ էլ ժողովուրդը միաբերան աղաղակեց.
«Կորչի՜ բռնավորը. Գարդմանն ազատ է այս վայրկյանից, և մեր իշխանն է Սահակ Սևադան...»։
Մի քանի րոպեից հետո ամբողջ ամրոցը խռովյալ ծովի կերպարանք առավ, ժողովուրդը դուրս եկավ զենքերը ձեռին, կարծես թե թագավորի բանակը պաշարել էր նրան։ Պատնեշներից դուրս վռնդեցին վանանդացի պահապաններին, սպառնալով կոտորել բոլորին, եթե չէին հնազանդիլ Սևադայի հրամանին։ Իսկ կատաղած ամբոխը դղյակի բարձունքից հափշտակելով արքայական դրոշը, նրա տեղ Գարդմանա վիշապանիշը պարզեց...։
-Օ՜, այդ արդեն չափազանց է,-բացականչեց Մարզպետունին։
-Այո՛, և ուրիշ մեծամեծ ավերումներ կանեին, եթե ես իսկույն իմ պահնորդների խումբը հավաքելով՝ հպատակության երդում չերդվեի Սևադային։
-Ավելի լավ չէ՞ր լինի, եթե քո խմբով հեռանայիր ամրոցից, քան հպատակություն երդվեիր։
-Ոչ. այն ժամանակ արքայի օգտին գործելու կամ ուտիացոց շարժումները դիտելու հնարավորությունից կզրկվեի։ Իսկ այժմ ապստամբների մեջ գտնվելով՝ կարողանում եմ շատ բան տեսնել և իմանալ։
Բերդակալի պատմածները ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա. նա գլուխը կախեց և ընկավ մտածության մեջ։
-Մի՞թե դու ինձ մեղադրում ես,-հարցրեց բերդակալը փոքր լռությունից հետո։
-Այո՛, մեղադրում եմ,-պատասխանեց իշխանը գլուխը վեր բարձրացնելով։
-Բայց չէ՞ որ ես տեղի եմ տվել ստիպողական հանգամանքներին։