Այս էջը հաստատված է

որ չկա այս կողմերում մի կետ, որին ապաստանել կարողանայինք, գործը խաղաղության միջոցներով ավարտելու համար։ Մնում էր ուրեմն հայտնի պատերազմ մղել ապստամբի դեմ: Այս միջոցում ահա եգերացոց աշխարհից արքայի սուրհանդակը հասավ, որ ավետում էր ինձ, թե եգերացոց թագավորը մեծ զորք է հանձնել նրան, և թե ինքը շուտով կճանապարհվի այս կողմերը։

-Ուրեմն թագավորը գալիս է եգերացոց զորքերո՞վ,-ուրախացած հարցրեց բերդակալը։

-Այո: Եվ ես հենց մի քանի օր առաջ սուրհանդակ ուղարկեցի թագուհուն, հայտնելով նրան, թե շուտով Ամրամի ապստամբությունը պիտի ճնշենք. բայց չհայտնեցի նրան, թե դիմել ենք եգերացոց օգնության։

-Կարիք էլ չկար։ Բայց շո՞ւտ կհասնե այստեղ թագավորը։

-Անշուշտ մի քանի օրից, բայց ինձ հարկավոր էր` մինչև նրա հասնելը` մի վերջին գաղտնիք ևս բանալ. այն է` թե ի՛նչը դրդեց Ցլիկ֊Ամրամին ապստամբել արքայի` յուր բարերարի դեմ։ Չէ՞ որ Աշոտ֊Երկաթի աննախանձ բարության շնորհիվ է, որ նա այսօր Ուտյաց աշխարհի կուսակալը և հյուսիսային բանակի հրամանատարն է։ Ինչո՞ւ նա չարությամբ է փոխարինում բարությունը։

-Այո՛, Ամրամի այդ վարմունքը զարմացրել է նաև ինձ:

-Դու ոչ մի պատճառ չգիտե՞ս,-հարցրեց Մարզպետունի իշխանը մի տեսակ կեղծ պարզությամբ։

-Ո՛չ:

-Ինձ թվում է, թե նա ապստամբել է Սևադայի խորհրրդով։

-Իսկ ես ընդհակառակը՝ կարծում եմ, որ Սևադան ապստամբեցրեց գարդմանացիներին՝ միմիայն Ամրամի համարձակությունից խրախուսվելով։

-Եվ չե՞ս սխալվում։

-Ինձ թվում է թե՝ չեմ սխալվում։ Սևադան նրան գրգռել չէր կարող։

-Բայց ես հենց այդ հանելուկը լուծելու համար եկա այստեղ։ Ես կասկածում էի Սևադայի վրա. և մի քանի տեղեկություններ