Այս էջը հաստատված է

օրիորդների շրջանում, որին նա յուր սիրտն ու գաղտնիքը հավատալ կարողանար։ Եվ ցավալին այն էր, որ եթե գտնվեր իսկ այդպիսին, դարձյալ ինքը չէր հայտնիլ նրան ոչինչ, որովհետև չէր հավատում ոչ մի կնոջ անկեղծության, մանավանդ եթե այդ կինը իշխանական ցեղից էր և, հետևապես, ծագմամբ իրան հավասար։ Թագուհին հավատացած էր, որ այդպիսինները եթե առերես իսկ կարեկցեին իրան, այսուամենայնիվ ներքուստ կուրախանային յուր թշվառության վրա, որովհետև նրանցից ամեն մինն ուներ դրա համար յուր սրտին մոտիկ պատճառներ։ Նա հույս ուներ միայն մի մարդու վրա, որ, կարծում էր, ոչ միայն կվշտակցե իրան սրտի անկեղծությամբ, այլև գուցե կկարողանա թեթևացնել այդ վշտերը։ Ահա՛ այդ մարդուն էր սպասում թագուհին այնքան անձկությամբ, որ, սակայն, հակառակ յուր խոստման և սուրհանդակի բերած տեղեկության, չէր երևում տակավին։

Բայց, ահա՛, մոտենում էր թագուհուն տարիքավոր մի կին` միջին հասակով, բարի դեմքով, աղու աչքերով, ժպիտը շրթունքներին և կարծես վախենալով` թե միգուցե յուր մոտենալը գրգռե թագուհու զայրույթը։

Այս կնոջը հայտնի էին թագուհու ցավերը, տանջող վշտերը։ Նա սկզբից արդեն ամեն բան տեսել, քննել և ստուգել էր։ Նա անկեղծ սրտով վշտացել և արտասվել էր մեծ տիկնոջ համար դեռ այն ժամանակ, երբ նա ինքը, տիկինը, անտեղյակ յուր դժբախտությանը, զվարճանում էր արքայական զբոսանքներով մերթ Սյունյաց և մերթ Գուգարաց լեռներում։-Այդ կինը Սեդան էր, թագուհու գորովագութ դայակը, դղյակում եղող կանանց մեջ ամենից բարին և ազնվասիրտը։ Նրան, այո՛, հայտնի էր ամեն ինչ վաղուց. բայց նա այդ մասին ոչինչ չէր խոսել մինչև այժմ թագուհու հետ, այն պարզ պատճառով, թե երբ մարդ չէ կարող (տակավին իրան անհայտ) յուր դժբախտության առաջն առնել, ապա լավ է, որ նա երբեք այդ դժբախտությունը չիմանա և կյանքը իզուր չդառնացնե։ Իսկ այժմ, երբ արդեն թագուհին ամեն բան գիտեր, Սեդան հո կարող էր նրա հետ խոսիլ, ցավակցել նրան կամ մխիթարել։ Չէ՞ որ նա մի օր յուր կաթնասունն է եղել, յուր գրկումն է մեծացել։

Այսպես էր մտածում Սեդան, բայց և հետո իսկույն