Սահակ Սևադայի ապարանքին հասնելով, իշխանը հրամայեց յուր առաջնորդին վերադառնալ և ինքը միայնակ առաջ անցավ։
Իշխանի ապարանքը, որ միևնույն ժամանակ զորավոր մի դղյակ էր, գիշերվա այդ ժամին փակած չէր ոչ մի կողմից։ Ըստ երևույթին նրա կույր տերերը չէին սպասում ոչ մի հարձակման և չէին իսկ երազում, թե կգտնվի մի տմարդ թշնամի, որ սիրտ կանե գիշերվա այդ ժամին երկու դժբախտների գիշերվա խաղությունը վրդովելու։
Իշխանը մտավ ապարանքի բակը դղյակի մեծ դռնով։
Երկհարկյան այդ ընդարձակ շինությունը յուր մեծամեծ դահլիճներով, բազմաթիվ սենյակներով և աջ ու ձախ թևերին գրկած հզոր աշտարակներով թաղված էր համարյա խավարի մեջ։ Չնայելով որ Սևադան այդ միջոցին արդեն յուր երկրի ու ամրոցի տերն էր, այսուամենայնիվ նրա ապարանքում կենդանություն չէր երևում, ձայն ու շշուկ չէր լսվում։ Ապարանքը մի կողմի վրա գտնվող մի քանի նեղ պատուհանների մեջ միայն երևում էր նվազ լույս, իսկ ստորին հարկի խցերում խլրտում էին ծառաները։
Իշխանը նայեց այդ հսկայական շինության վրա և նրան շրջապատող տխուր լռությունը ճնշեց յուր սիրտը։ նա հիշեց այն երջանիկ օրը, երբ ինքն առաջին անգամ ոտք դրավ այդ տան դռանը։ Ի՛նչ կյանք, ի՛նչ աշխույժ, ի՛նչ ոգևորություն էր թագավորում այն ժամանակ այդ տան շուրջը. իսկ ա՞յժմ, որպիսի՜ մեռելություն... Կարծես թե իրոք մահվան ավերիչ ձեռքը ծանրացել էր այդ իշխանական դղյակի վրա։
«Եվ այս բոլորի պատճառը մի ապօրինի քայլ, ողջախոհության դեմ մի հանցանք...»,-շշնջաց ինքն իրան իշխանը և խոր հոգոց հանեց։ Ապա մոտենալով ներքին հարկի խցերից մեկին, մտրակի կոթով դուռը բախեց։
Դուրս եկողն իշխանի հին ծառաներից մինն էր։ Մարզպետունին իսկույն ճանաչեց նրան, որովհետև ճրագը նրա ձեռ էր։ Այդ անհաջող հանդիպումը տխուր տպավորություն արավ իշխանի վրա, որովհետև եթե իրան ճանաչեին, այլևս յուր ծրագիրներն առաջ տանել չպիտի կարենար։ Մի նվազ