-Եվ դրա պատճառն էլ իմ փառասիրական ձգտումնե՞րն էիք համարում։
-Ուրիշ բան մտածել չէինք կարող։
-Լավ. ուրիշ ի՞նչ փառք էր ինձ հարկավոր... Աղջիկս` թագուհի, փեսաս` թավավոր, ինքս Գարդմանում ազատ, հարուստ և զորեղ իշխան։ Մի՞թե իրավունք ունեի այս բոլորից մի ուրիշ պահանջ անել իմ բախտից։
-Հարկավ, ոչ։
-Եվ վերջապես, մի՞թե Սահակ Սևադան մի հասարակ զինվորի չափ էլ հայրենասիրություն չուներ. մի՞թե ես անծանոթ էի իմ ազգի պատմության և չգիտեի, թե որպիսի՛ թանկ զոհաբերության գնով ձեռք բերվեցավ Բագրատունի թագավորության գահն ու թագը, որ ես թույլ տայի ինձ փառասիրության ձգտումներով այդ գահի հաստատությունը խախտելու։
-Բայց ի՞նչն էր, վերջապես, այն ժամանակվա քո ապստամբության պատճառը։
-Իմ ապստամբության պատճա՞ռը, այո՛, այդ կարող ես հարցնել, այժմ այլևս ծածկելու կարիք չկա... Բայց, կարծեմ, այդ մասին դու շատ բան գիտես։
-Դեռ ոչինչ չգիտեմ։
- Ոչինչ չգիտես, ուրեմն լսի՛ր։ Ես քո արքայից առաջին անգամ ապստամբեցա` նրան չար ճանապարհից զգուշացնելու համար. երկրորդ անգամ ապստամբեցա` հայոց արքայական գահի պատիվը փրկելու համար. իսկ այժմ ապստամբել և Ցլիկ-Ամրամին էլ ապստամբեցրել եմ՝ իմ և իմ որդվո անձնական անարգանաց վրեժը լուծելու համար։
-Ինձ դեռ առաջ բացատրիր նախկին ապստամբությանդ պատճառը։ Ի՞նչ կնշանակե, թե կամենում էիր արքային չար ճանապարհից զգուշացնել. ի՞նչ չար ճանապարհ էր այդ։
-Ինչ չար ճանապա՞րհ...
-Այո՛։
-Քեզ հո հայտնի էր, որ նա մի ժամանակ սիրում էր Սևորդյաց Գևորգ նահապետի աղջկան։
-Այո՛, մի ժամանակ. բայց այդ շատ առաջ էր։
-Ամուսնությունից առաջ, այնպես չէ՞։
-Այո՛: