խելաբերում, որ Սահականույշը` Գարդմանա իշխանի դուստրը, այլևս կաթնասուն չէ, որ նա այսօր յուր թագուհին է, որ ինքը կարող է միայն նրա ոտքերը համբուրել, բայց հավասար նստել նրա հետ կամ վշտակցել նրան, իհարկե, չի պիտի համարձակեր։ Այն օրից, երբ Սեդան իմացավ, թե թագուհին ծանոթացել է արդեն յուր դժբախտությանը, խեղճ կինն այլևս հանգստություն չուներ։ Ճշմարիտ է` նա ոչնչով չէր կարող օգնել յուր թագուհուն, բայց միակ խնամքը, որ նա կարող էր և պարտավոր էր տանել, տանում էր։ Այդ այն էր, որ շվաքի պես հետևում էր մեծ տիկնոջը ամեն տեղ, և աշխատում կարելույն չափ հաճախ խանգարել նրա մենավոր մտածությունները, որով, կարծում էր, թե կարող է փոքր ի շատե պահպանել նրա առողջությունը։
-Օրը տարաժամել է, սիրելի թագուհի, չէի՞ր հաճիլ դղյակը վերադառնալ,- մոտենալով պատշգամբին հարցրեց դայակը։
-Դու այստե՞ղ ես, Սեդա,- անհանգստությամբ դարձավ դեպի նրան թագուհին։
-Այո՛ մեծափառ տիկին. եկա հայտնելու...
-Եվ վաղո՞ւց ես դու այստեղ,-ընդհատեց նրան թագուհին կասկածոտ եղանակով, վախենալով, կարծես, որ դայակը լսած լինի յուր վշտերը մատնող մի որևէ խոսք կամ հառաչանք։
-Հենց որ արևը սարի ետևն անցավ։
-Իսկ ես պատվիրել եմ, որ ոչ ոք իմ միայնությունը չխանգարե։
-Այո՛, մեծափառ տիկին, քո պատվերը ես զանց անել չէի համարձակիլ, բայց օրը տարաժամել էր և քամին բարձրացել, դու կարող էիր մրսել, եկա հիշեցնելու, որ դղյակը վերադառնալու ժամանակ է։
-Հիշեցնե՞լ, ինչ կնշանակե այդ, Սեդա,-կես զարմացած և կես բարկացած հարցրեց թագուհին։
Բարի դայակը շփոթվեցավ։ Նա իրավունք չուներ ասել թագուհուն այն ամենը, ինչ որ ինքը ճշմարտություն էր համարում։ Նա զգաց յուր սխալը, ճնշվեցավ, և յուր քաղցր աչքերը կարծես թաքնվեցան արդեն կկոցված փոսիկների մեջ.