Այս էջը հաստատված է

-Երբ մարդ ամուսնանում է, պետք է որ պատկառ մնա յուր ամուսնական պարտավորությանը, աստուծո և աշխարհի առաջ արած երդման, յուր կնքած ուխտին. այնպես չէ՞։

-Անշուշտ։

-Եթե այդպես անում է հասարակ մարդը, ռամիկը, գեղջուկը, որքա՞ն ավելի պարտավոր է անել թագավորը, ժողովրդյան հայրը և առաջնորդը. նա՛, որին թագադրության ժամանակ եպիսկոպոսն արքայական մատանին հագցնելով` ասում է.

«Ա՛ռ զմատանի առհաատչեայ արդարութեան թագաւորութեան քո, քանզի այսօր օրհնեալ ես իշխան և թագաւոր ժողովրդեանս։ Հաստատ լեր և օգնական fրիստոնէութնան և քրիստոնէից հաւատոյ, զի փառաւորեսցես ընդ Թագաւորին թագաւորաց...»։ Արդ, նա, որ կոչված է ո՛չ միայն քրիստոնեական հավատո մեջ հաստատ մնալու, այլև այդ հավատո պահպանության հսկելու և յուր ժողովրդի համար արդարության ու առաքինության օրինակ հանդիսանալու, կարո՞ղ է և իրավունք ունի՞ արդյոք անարգել այդ հավատը և գայթակղության քար դառնալ ժողովրդի համար։

-Հարկավ, ո՛չ։

-Բայց թագավորն այդպես էր անում։ Նա ամուսնացավ իմ դստեր հետ, բայց Սևորդյաց նախկին օրիորդին չմոռացավ։ Այն օրից, որ նա Ցլիկ֊Ամրամին կարգեց Ուտիքի վերակացու, ոտի տակ տվավ աստուծո և աշխարհի առաջ արած յուր երդումը. նա մոռացավ յուր օրինավոր ամուսնուն, անարգեց նրա մաքուր, անարատ և խանդակաթ սերը, նա դարձավ Ցլիկ-Ամրամի կնոջ սիրահարը... Հայտնի չե՞ն միթե քեզ այս պատմությունները։

-Հայտնի են. բայց...

-Բայց դատապատրելի չեն քո աչքում, այնպես չէ՞։

-Աստված մի՛ արասցե, որ ես ամբարշտության գործերը դրվատեմ...բայց կամենում էի ասել, թե մարդկանց չպետք է խստությամբ դատել, առանց նրանց հանցանքի պատճառները խղճի մտոք քննելու։

-Երբ ես կխնդրեմ քեզ պաշտպանել քո թագավորին, այն ժամանակ կպաշտպանես. այժմ դեռ ինձ լսիր: Հայ լինելուց