Այս էջը հաստատված է

եղավ Կայյան բերդը պաշարելն ու առնելը։ Այդտեղ Վասակ իշխանի հետ միասին պահեստի մեջ գտնվում էին նաև մի քանի ապստամբ նախարարաց կանայք։ Վասակ իշխանի հետ միասին նրանց էլ ազատեցի. և մտադիր էի շատանալ միայն այդքանով, մինչև թագավորը Ափխազիայից կվերադառնար յուր զորքերով։ Բայց Կայյան բերդից հեռացած զինվորները միացան մոտակա գյուղերի բնակիչների հետ և իմ հանդեպ գտնվող լեռան մեջ ամրանալով սկսան իրանց ասպատակներով անհանգիստ անել իմ զորքերին։ Ստիպված հարձակվեցի դրանց վրա, և որովհետև դրանք տեղի չտվին, ուստի մի քանի հարյուր հոգի ջարդեցի. իսկ գյուղացիներին խրատելու համար, որ մյուս անգամ չհամարձակվին իշխանների կռվին խառնվելու, հնձել տվի նրանց արտերը, կրակի մատնեցի և ապա հեռացա Գուգարաց լեռները։ Ահա՛ այս գործի համար էր, որ մեր իշխանները սկսան ինձ մեղադրել, թեպետև իրանք այդպիսի դեպքում տասնապատիկ ավելի չարիքներ են հասցրել:

-Ո՛չ, քեզ ավելի մեղադրում էինք նրա համար, որ ապստամբության դրոշ էիր պարզել այնպիսի մի ժամանակ, որ թագավորը Ափխազիայում զբաղված էր Գուրգենի դեմ կռիվ մղելով։ Մենք արդեն հաղթել էինք նրան։ Վրաց Ատրներսեհը միջնորդում էր խաղաղության համար, և արդեն դաշնագիրն ստորագրելու վրա էին, երբ գուժկան հասավ և հայտնեց, թե Սահակ իշխանը կրկին ապստամբելով` պետության գավառներն ավերում է։ Թագավորը և մենք, առհասարակ, մնացինք շվարած, ոչ ոք չէր կարող հավատալ, թե դու կդրժեիր քո երդման և բոլորիս ներկայությամբ կնքած ուխտին. բայց իրողությունն անհերքելի էր։ Ատրներսեհ թագավորն ինքը խորհուրդ տվավ արքային կիսատ թողնել Գուրգենի հետ կապելիք դաշնադրության գործը և շտապել Գուգարք, քո ավերումների առաջն առնելու։

-Ես սպասողական դիրք էի առել և ոչ մի ավերմունք չպիտի անեի. իզուր էր ձեր շտապելը։ Բայց թե ինչո՛ւ արքայի բացակայության ժամանակ ապստամբության դրոշ պարզեցի, դրա պատճառն այն էր, որ չէի կամենում որևէ ընդհարում ունենալ արքայական զորքերի հետ. չէի կամենում կոտորածի