Այս էջը հաստատված է

-Առաջնորդում է գարդմանացիների՞ն..-զարմացած հարցրեց Մարզպետունին։

-Այո՛, առաջնորդում է։ Մի՞թե այդ խոսքը զարմացնում է քեզ։ Դու անշուշտ մտածում ես, թե ինչպե՛ս կարող է կույրը առաջնորդել. այնպես չէ՞։ Բայց իմ զորքերը պատերազմի համար ուրիշ առաջնորդներ ունին։ Գրիգորի ներկայությունն անհրաժեշտ է բանակում նրա համար, որ գարդմանարիք ամեն րոպե աչքի առաջ ունենան իրանց կույր իշխանին և սրտների մեջ վառ պահեն վրեժխնդրության կրակը։ Ոչ մի զորապետի խրախույսը այնքան չի գրգռիլ իմ զորքերի քաջությունը, որքան իմ որդվո կուրությունը... Նրանք տիրասեր են և չեն հանգստանալ, մինչև որ իմ և նրա վրեժը չառնեն թագավորից։

Մարզպետունին զարմանում էր, որ Սևադան բանում էր նրա առաջ յուր սիրտն անկեղծորեն, հայտնում էր նրան, մինչև անգամ, յուր նախահոդակ դիտավորությունները. և այդ անում էր առանց քաշվելու կամ նույնիսկ վախենալու, թե ինքը, Մարզպետունին, իբրև արքայի հավատարիմ ու զինակից, կարող է խոչընդոտ լինել իրան յուր նպատակներն իրագործելու։ Սևադայի այս վարմունքն ավելի ևս երկյուղ էր ազդում Մարզպետունու սրտին։

-Եվ այդպես. դու ուրեմն հոգացել ես, որ գարդմանացոց վրեժխնդրությունը լինի անշիջանելի, իսկ ապստամբությունը` համաճարակ և կործանի՞չ,-հարցրեց իշխանը հուսահատ ձայնով։

-Այո՛, տեր Մարզպետունի, ուրիշ կերպ վարվել չէի կարող. անիծի՛ր ինձ, եթե կամենում ես, բայց գիտացի՛ր, որ երբ բաժակը լցվում է, այն ժամանակ այլևս անկարելի է ավելացնել նրա վրա ուրիշ մի քանի կաթիլ և պահանջել, որ նա չթափվի...։

Մարզպետունին զգաց, որ հասել է արդեն ժամանակը` գործադրել այն զենքերը, որոնցով միայն հնարավոր էր անողոք իշխանի սիրտն ամոքել.-այդ զենքերը յուր խնդիրներն ու աղաչանքներն էին։ Այդպիսի զենքերով, իհարկե, նա չէր հայցիլ օտարից, նույնիսկ հայրենիքի փրկությունը, բայց մի ներքին խռովություն դադարեցնելու համար նա չէր քաշվում