դշխոյական հպարտությունը յուր իսկ ստորադրյալների ձեռքով։ Այս մտքերը վայրկենապես վրդովեցին թագուհու սիրտը. բայց նա յուր հուզմունքը ծածկելով` մեղմ ձայնով հարցրեց.
-Սեդա, ո՞վ ասաց քեզ, թե թագուհին ընկղմում է տխուր մտածմունքների մեջ, և թե այդպիսի ժամանակները նա չէ իմանում, թե ի՛նչ է կատարվում յուր շուրջը։
-Ոչ ոք, իմ սիրելի տիկին, այդ ես ինքս եմ տեսնում: Սեդան պետք է կույր լինի, որ յուր տիրուհու դեմքի մշտական թախիծը և նրա ճակատի տխուր կնճիռները չտեսնե... Վաղուց, վաղուց գիտեի, թե ի՛նչ վիշտ է կրծում քո ազնիվ ու բարի սիրտը, բայց ոչինչ չէի համարձակվում ասել քեզ, որովհետև գիտեի, որ քո ցավերի մասին խոսելով` միայն քնքուշ սիրտդ պիտի վշտացնեի, առանց սակայն իմ թագուհուն մի օգուտ տալ կարողանալու։
Թագուհու սիրտը շարժվեց։ Նախկին կասկածոտ մտածմունքները տեղի տվին հանկարծ մի վստահության, որ կարծես հենց նույն րոպեին ծնվեց յուր մեջ դեպի բարի դայակը. նրա ձայնի մեջ նա այնքան անկեղծություն ու գորով գտավ, որ նրան թվաց, թե իրա հետ խոսողը հարազատ մայրն է և ոչ յուր ստնտուն։
Բայց և այնպես ոչինչ չպատասխանեց, այլ լուռ և մտախոհ բարձրացավ բազմոցից և ուղղվելով յուր սեգ ու վայելուչ հասակի ամբողջ վեհությամբ, նայեց դայակի վրա քաղցր և վստահությամբ լի աչերով։ Այդ րոպեին նա կցանկանար լսել նրանից ամենը, ինչ որ նա գիտեր յուր վշտերի մասին, կցանկանար ստուգել նորից այն բոլորը, ինչ որ վաղուց և ավելի ստուգությամբ հայտնի էր իրան։ Բայց յուր դշխոյական հպարտությունը չէր ներում իրան այդ թուլությունը, նա մինչև այժմ ոչ ոքի հետ չէր խոսել այդ մասին, ուրեմն և դայակի հետ չէր խոսիլ, բայց կցանկանար, որ սա ինքը սկսեր խոսել, առանց իրանից հրաման առնելու։
Սեդան չհասկացավ թագուհու լուռ և մտախոհ հայացքի նշանակությունը, նրան թվաց, թե յուր համարձակ խոսքերից վշտացել է նա արդեն, ուստի և թագուհու հայացքից