լինելը չգիտեմ, եկա, որ այդ մասին տեղեկություն առնեմ քեզանից:
-Երկու օր առաջ մեր գնդերը բանակած էին Սագամի ափին. իսկ Ամռանը գտնվում էր դեռ Տավուշի մոտ։ Եթե թագավորի գալստյան մասին լուր առած լինին, ուրեմն բանակները կմիացնեն... Գնա՛ և այդ կողմերը կպատահես նրանց։
-Իսկ դու չե՞ս կարող հայտնել, թե որտե՛ղ պիտի միանան բանակները,-հարցրեց իշխանը ժպտալով։
-Ո՛չ. ես իրավունք չունիմ հայտնելու։ Եվ դու, իշխան, այդ չպիտի պահանջես ինձանից։ Դու ինձ համոզեցիր, և ես տվի քեզ իմ համաձայնությունը` հաշտվել թագավորի հետ։ Այդ ես կարող էի անել։ Գնա՛ այժմ համոզիր Ցլիկ֊Ամրամին. եթե կհաջողիս, լավ. եթե ո՛չ, պատերազմը նրա կողմից անխուսափելի է. ուրեմն և բանակի գաղտնիքը քեզ բանալն` անկարելի:
-Շատ լավ։ Թո՛ղ այդպես լինի։ Շնորհակալ եմ արդեն քո համաձայնության համար։ Այժմ տո՛ւր ինձ քո օրհնությունը, և ես կերթամ։ Այդ օրհնությունը կհաջողե իմ ճանապարհը։
-Աստվա՛ծ թող օրհնե այդ ճանապարհը։ Դու խաղաղության և հաշտության միջնորդ ես, անկարելի է, որ նախախնամությունը չհաջողե քեզ։ Բայց եթե նա կանխավ որոշել է պատմել հանցավորին...
-Ես կանեմ այն, ինչ որ հրամայում են ինձ իմ պարտքը և հայրենիքը, իսկ աստուծո կամքը... մենք միայն կարող ենք օրհնել։
Այս ասելով իշխանը մոտեցավ Սևադային, գրկեց նրան և համբուրելով` հեռացավ։ Մի քառորդ ժամից նա Վահրամ բերդակալի մոտ էր:
Թանձր ու երկար այծենակաճի մեջ փաթաթված և խոշոր գլուխը պողպատե գլխանոցով ծածկած` անցուդարձ էր անում բերդակալը յուր դիտանոցի առաջ, երբ մոտեցավ նրան Մարզպետունին։