Այս էջը հաստատված է

-Գիտեի, որ այդպես վաղ պիտի բաժանվիս իշխանից, ուստի լուսածագին դուրս եկա տանից, որպեսզի հրամայեմ ամրոցի դռները բանալու,-ասաց բերդակալը իշխանին և մոտենալով նրան, հետաքրքրությամբ հարցրեց, թե արդյոք կարողացա՞վ անծանոթ մնալ Սևադայից կամ թե տեղեկացա՞վ ցանկացած գաղտնիքներին։

Իշխանը պատմեց նրան համառոտ ինչ որ պատահել էր իրան կամ ինչ որ խոսել էր Սևադայի հետ և լսել նրանից, ծածկելով, իհարկե, այն ամենը, ինչ որ ապստամբությունը գրգռող «ընտանեկան գժտություններին ու սիրային գաղտնիքներին» էր վերաբերում։ Այդ պատճառների հետ, իշխանի կարծիքով, անկարելի էր ծանոթացնել արտաքին պաշտոնյաներին։ Բարեսիրտ Վահրամը զարմացավ` տեսնելով, որ ինքն այդքան մոտիկ ապրելով Սևադային, չէր կարողացել նրա գաղտնիքները ճանաչել, և դեռ մինչև այդ րոպեին չգիտեր, թե Ցլիկ-Ամրամին ապստամբեցնողը Uևադան է եղել։ Իշխանը կամեցավ օգուտ քաղել այդ բանից` բերդակալի մտերմությունն ավելի վաստակելու համար։

- Ի՞նչ ես կարծում, բարեկամ,-ասաց նրան ծիծաղելով,-եթե Սևադան ճանաչած չլիներ քեզ, մի՞թե թույլ կտար, որ դու մնայիր այստեղ` այդ պաշտոնում։

-Ի՞նչ. մի՞թե նա գիտե, որ ես դեռ հավատարիմ եմ թագավորին։

-Նա ամեն բան գիտե, բայց նա ճանաչում է քեզ։

-Ինչպե՞ս թե ճանաչում է ինձ։

-Նա գիտե, որ դու նրան վնասել չես կարող։

-Ինչպե՞ս թե չեմ կարող. քաջությունն է իմ մեջ պակաս, թե բազուկներս են ծերությունից թուլացել,-ջերմությամբ հարցրեց բերդակալը։

-Նա մինչև անգամ համոզված է, որ դու թագավորիդ պաշտպանել չես կարող, եթե հարկը պահանջե,-հարցրեց Մարզպետունին, կամենալով գրգռել բերդակալի ինքնասիրությունը։

-Եվ նա այդ մասին խոսե՞ց քեզ հետ,-հուզված հարցրեց Վահրամը։

- Ոչ, հայտնապես ոչինչ չասաց...